Ի՞նչ են խոսել 56 մլն դրամի գողության մեջ մեղադրվող Աշոտ Առուշանյանի ծնողները նախագահի հետ

Շուրջ 3 տարի անազատության մեջ գտնվող 28-ամյա Ա․Ա․-ն, ինչպես հայտնի է,  մեղադրվում է առանձնապես խոշոր չափի գողությանն օժանդակելու մեջ ( գողությունը կատարվել էր «Մանանա Գրեյն» ՍՊԸ փոխտնօրեն Արմեն Մանուկյանի ավտոմեքենայից): Առաջին ատյանի դատարանը` նախագահող  Մեսրոպ Մակյանի, Առուշանյանին դատապարտել էր  ազատազրկում 5 տարի 6 ամիս ժամկետով: Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ  է թողել  վերաքննիչ բողոքը: Այս գործով դատաքննությունը ավարտվել է, վճռաբեկ ատյանը մերժել է վարույթ ընդունել Առուշանյանի պաշտպանի բողոքը:

Հիշեցնենք` Ա․Ա․-ի ընտանիքը 3 տարի շարունակ պայքարում է, ժամանակ առ ժամանակ հացադուլ անում և պնդում, որ իրենց որդին դատապարտվել է իր կողմից չարված արարքի համար:

Սույն թվականին մեղադրյալի հայրը` փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի հետ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին նամակ էր  հասցեագրել: Պատասխան նամակում նշվել էր, որ ամբաստանյալի ծնողները  նախագահի հետ հանդիպում կունենան Վճռաբեկ դատարանի որոշումից հետո:

Իրավաբան.net-ը  զրուցեց ամբաստանյալի շահերը ներկայացնող փաստաբան  Լիպարիտ Սիմոնյանի հետ: Վերջինս մեզ փոխանցեց, որ մի քանի որ առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը  Ա․Ա․-ի գործը ընդունել է վարույթ, ինչպես նաև հաղորդեց, որ կայացել է Առուշանյանի  ծնողների  և նախագահի միջև հանդիպումը:

Մենք  կապ հաստատեցինք  նաև Առուշանյանի հոր` Լավրենտի Առուշանյանի հետ. «Մոտ 20 օր առաջ կազմակերպեցին նախագահի հետ մեր հանդիպումը:  Մենք նրան ներկայացրել ենք, որ Ա․Ա․-ն մեղսագրվող արարքում մեղավոր չէ: Բնականաբար հանրապետության նախագահը չէր կարող ամբողջությամբ տեղեկացված լիներ, թե ինչ է կատարվում դատաիրավական համակարգում: Այսքան ժամանակ մենք փորձում էինք  մեր ձայնը հասցնել նախագահին››:

Պարոն Առուշանյանի  խոսքով Սերժ Սարգսյանը հանձնարարել է իր խորհդրականին` Գեորգի Կուտոյանին`  մեկ անգամ ևս վերանայել  գործը, որպեսզի պարզվի արդյոք հիշյալ գործում անօրինականություններ չեն եղել:

Մեր այն հարցին` նրանք ավելի շատ հույսը կապում են  նախագահի խոստման,  թե՞ ՄԻԵԴ-ի հետ, քանի որ գործն արդեն վարույթ է ընդունել,  նա պատասխանեց «Մենք հույսով ու հավատացած ենք, որ Սերժ Սարգսյանի  հրամանով նոր քննություն կսկսվի և գործը կքանդվի: Ուշ թե շուտ արդարությունը կվերականգնվի մեր նախագահի շնորհիվ››:

Պարոն Առուշանյանը նշեց, որ նախագահի հետ հանդիպումից 5 օր հետո որոշում է կայացվել և  որդու նկատմամբ նշանակվել է  ազատ  կալանք:

Լաուրա Մամյան

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել