Ո՞րն է հայցի ապահովումը և ապահոման միջոցները

Հայցի ապահովումը դատարանի կողմից կիրառվող օրենքով նախատեսված դատավարական միջոցներն են, որոնց նպատակն է հարուցված հայցը բավարարելու դեպքում երաշխիքներ ապահովել կայացվելիք վճռի կատարման համար: Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` հայցի ապահովման միջոցներն են` 1) պատասխանողին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դնելը, 2) պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը, 3) այլ անձանց կողմից վեճի առարկային վերաբերող որոշակի գործողությունների կատարումն արգելելը, 4) գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայց հարուցելու դեպքում` գույքի իրացումը կասեցնելը., 5) պատասխանողի մոտ գտնվող` հայցվորին պատկանող գույքի վրա արգելանք դնելը` անհապաղ կամ 5 օրը չգերազանցող ժամկետում: Պետք է նշել, որ անհրաժեշտության դեպքում դատարանն իրավունք ունի կիրառել հայցի ապահովման մի քանի միջոց միաժամանակ: Այն դեպքում, երբ հայցի ապահովումն արտահայտվում է դրամական միջոցների բռնագանձմամբ, օրենսդիրը պատասխանողին իրավունք է վերապահել հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշիվ մուծել հայցվորի պահանջած գումարը:
Ընդ որում, դատարանը, գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ է միջոցներ ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը: Իսկ հայցի ապահովումն էլ թույլատրվում է դատավարության ցանկացած փուլում:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել