Ի՞նչ է արել ԼՂՀ ՃՈ-ն ընթացիկ տարվա 1-ին կիսամյակում

Սույն թվականի հուլիսի 22-ին ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունում քննարկվեց ընթացիկ տարվա 1-ին կիսամյակի ծառայողական գործունեության արդյունքները: Հայտնում են ԼՂՀ ոստիկանությունից։

Խորհրդակցությունը վարում էր ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը:

Ներկա էին ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը, ոստիկանության պետի խորհրդական, ոստիկանության փոխգնդապետ Կամո Հայրապետյանը, ճանապարհային ոստիկանության պատասխանատուները:

Հիմնական զեկույցով հանդես եկավ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության մայոր Իգոր Օհանյանը:

Ընթացիկ տարվա 1-ին կիսամյակի ընթացքում հանրապետության տարածքում արձանագրվել է 40 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով զոհվել էր 6 և մարմնական վնասվածքներ ստացել 49 քաղաքացի՝ անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 29-ը պատահարի, 5 զոհի և 29-ը վիրավորի դիմաց: Չնայած ճանապարհային ոստիկանության կողմից իրականացվող բազմածավալ և բազմաբնույթ միջոցառումներին, ցավոք ճանապարհատրանսպորտային պատահարները, հետևաբար նաև դրանց հետևանքում զոհերի և վիրավորների թիվը անցած տարվա 1-ին կիսամյակի համեմատությամբ աճել են:

Ձեռնպահ մնալով կիսամյակի արդյունքներով գնահատականներ տալուց, ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը, ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման գործում կարևորեց անաչառության և օրենքի առաջ բոլորի հավասարության անշեղ ապահովումը և պահանջեց ավելի խորքային վերլուծության ենթարկել յուրաքանչյուր ճանապարհատրանսպորտային պատահար ու պարզելով դրանց առաջացման պատճառներն ու պայմանները՝ կազմել միջոցառումների պլան և խստագույնս առաջնորդվել դրա պահանջներով:

Եվս մեկ անգամ կարևորելով անսթափ վիճակում, սահմանված արագության գերազանցմամբ և առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոցները վարողների նկատմամբ անզիջում լինելու հանձնարարականը՝ ոստիկանության պետը այս գործում թերացած ճանապարհային ոստիկանության ծառայողին ազատեց զբաղեցրած պաշտոնից:

«Երթևեկության կանոնների պահպանման գործում դուք պարտավոր եք բացարձակ արդարամտություն ցուցաբերել: Պետական օգտագործման տրանսպորտային միջոցներ գործածողները ոչ մի առավելություն չունեն, ընդհակառակը նրանք առավել մեծ պատասխանատվություն են կրում երթևեկության կանոնների հանդեպ: Ձեր գործառույթները կատարելուց եղեք անաչառ և սկզբունքային ու այդժամ կտեսնեք, թե ինչպես է փոխվում և ամրապնդվում հասարակության վստահությունը ձեր հանդեպ», – եզրափակեց ոստիկանության պետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել