Արդյո՞ք կազատվեք պատասխանատվությունից վաղեմության ժամկետը անցնելու դեպքում

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածը սահմանում է, որ գոյություն ունեն վաղեմության ժամկետներ, որոնք ազատում են հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները՝

1) երկու տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

3) տասը տարի՝ ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից.

4) տասնհինգ տարի՝ առանձնապես ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից:

Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից:

Վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե անձը խուսափում է քննությունից կամ դատից: Այս դեպքում վաղեմության ընթացքը վերսկսվում է անձին ձերբակալելու կամ մեղայականով նրա ներկայանալու պահից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել