Ինչպես է վարորդը Վարչական դատարանում վերացրել ՃՈ-ի թվով 18 տուգանքի որոշումները

Վարորդ Արսեն Խաչատրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան ՝անվավեր ճանաչելու ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության թվով 18 «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումներ։ Հայցվորը գտնում է, որ որոշումները կայացվել են օրենքի խախտմամբ, հետևաբար դրանք անվավեր են և ենթակա են դատական կարգով վերացման։

Նախ նշենք, որ այն դեպքերում, երբ ճանապարհային երթևեկության կանոնի խախտումն ամրագրվել է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով, ապա Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված վարչական պատասխանատվությունը կրում է այն անձը, ում անվամբ հաշվառված է տրանսպորտային միջոցը միայն մի պարագայում, այն է` երբ կհաստատվի, որ խախտումը կատարված չէ այլ անձի կողմից։

Համաձայն հայցվորի ներկայացրած հիմնավորումների՝ թեև նշված է, որ տվյալ պարագայում իրավախախտումը կատարվել է հայցվորին սեփականության իրավունքով պատկանող OPEL մակնիշի տրանսպորտային միջոցի օգտագործմամբ, այնուհանդերձ, OPEL մակնիշի տրանսպորտային միջոցը հայցվորի կողմից խախտումների օրերին չի շահագործվել։

Նշված տրանսպորտային միջոցը 2013թ. հուլիսի 1-ից մշտական օգտագործման է հանձնվել Գարիկ Ղամբարյանին։ Նշված հանգամանքը հաստատվում է նոտարական կարգով վավերացված կնքված վարձակալության պայմանագրով։

Հետևաբար, ինչպես իր հիմնավորումներում ներկայացրել է հայցվորը՝ իրավախախտում կատարելու պահին OPEL մակնիշի տրանսպորտային միջոցը հայցվորի տիրապետման և օգտագործման տիրույթից դուրս է գտնվել, ինչը նշանակում է, որ վիճարկվող որոշումներով նկարագրված իրավախախտումները բոլոր դեպքերում չեն կատարվել հայցվորի կողմից։

Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից՝ վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ, 123-րդ, 126-127-րդ հոդվածներով ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ կետով, դատարանը վճռել է բավարարել Արսեն Խաչատրյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության և անվավեր ճանաչել «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումները:

ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձվել է 72.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար։

Նշենք նաև, որ ՃՈ-ն որոշումը բողոքարկել է Վերաքննիչ վարչական դատարան: Նախագահող դատավոր` Ա. Հարությունյանի նախագահությամբ որոշվել է ՃՈ-ի կողմից բերված վերաքննիչ բողոքը վերադարձնել։

Պատրաստեց Զարուհի Մանուչարյանը
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել