Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ստորաբաժանումների 2015 թ. առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության ամփոփման խորհրդակցությունը վարում էր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը:
Աշխատանքը գնահատելու լավագույն միջոցը համեմատությունն է: 2015 թ. 1-ին կիսամյակի ընթացքում Երեւանում գրանցվել է 4080 հանցագործության դեպք, 109-ով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Սա պայմանավորված է սեփականության, անձի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների աճով: Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններն աճել են 54-ով, ընդ որում` կեղծ փողեր, արժեթղթեր պատրաստելու, պահելու եւ իրացնելու փաստերն աճել են 111-ով կամ 317 տոկոսով:
Փոխարենը` ծանր հանցագործությունների դեպքերը նվազել են 193-ով: 252 դեպքով նվազել են բնակարանային գողությունները, ինչը պայմանավորված է կանխարգելիչ աշխատանքների ակտիվացմամբ, շենքերի մուտքերում տեսախցիկների եւ ահազանգման համակարգերի տեղադրմամբ, բնակչության հետ տարված բացատրական աշխատանքներով:
Անձի դեմ ուղղված հանցագործություններն աճել են 37-ով, սպանության փորձերը` 6-ով, սպանությունները նվազել են 1 դեպքով: 14-ով նվազել են մարմնական վնասվածք հասցնելու դեպքերը, ծանր մարմնականները` 7-ով:
Հաշվետու ժամանակահատվածում Երեւանում հայտնաբերվել է 20 հանցախումբ` 45 անձով, որոնք կատարել են 99 հանցագործություն:
Հասարակական անվտանգության կարգի դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 53, ճանապարհատրանսպորտային պատահարները` 47 դեպքով:
Օպերատիվ-հետախուզական եւ կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ առգրավվել կամ հանձնվել է բնակչության մոտ ապօրինի պահվող 128 միավոր հրազեն:
Գրանցվել է թմրամոլության դեմ պայքարի ցուցանիշների նվազում. թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերը նվազել են 28-ով, իրացման փաստերը` 35-ով:
Նախկինում կատարված` կասեցված հանցագործություններից բացահայտվել է 159 դեպք:
Քրեական հետախուզության ծառայողների կողմից բացահայտված հանցագործությունների թիվն աճել է 77-ով, համայնքային ոստիկանության տեսուչներինը` 13-ով, պարեկապահակետային ծառայության աշխատակիցներինը` 26-ով: Համագործակցող անձանց օգնությամբ բացահայտված հանցագործություններն աճել են 41-ով: Հայտնաբերվել է 379 հետախուզվող:
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալները ներկայացրին կայազորի կատարած աշխատանքները` համապատասխան ուղղություններով, իսկ ենթակա ստորաբաժանումների պետերը ներկայացրին իրենց ղեկավարած ստորաբաժանումների գործունեությունը, վերլուծեցին կիսամյակի ցուցանիշները` անդրադառնալով ինչպես ձեռքբերումներին, այնպես էլ առկա թերացումների վերացմանն ուղղված միջոցառումներին: