Այսօր «Նաիրտ» գործարանի աշխատակիցները, ովքեր տարիներով չեն ստացել իրենց աշխատավարձերը, փակել էին Բագրատունյաց պողոտան: Բողոքի այս ակցիայիով պահանջում են իրենց աշխատավարձերի պարտքի ամբողջությամբ փակումը:
Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում նաիրիտցիների բողոքի ակցիաները համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը ասաց, որ այժմ պողոտան բաց է, մեկ ժամ փակ է եղել: Ու թեև փողոցը բաց է, սակայն իրենց բողոքի ակցիան շարունակվում է.
«Խոստացել էին, որ մինչև հունիսի 15-ը աշխատավարձերի պարտքը պետք է ամբողջությամբ փակվեր, սակայն գլխավոր տնօրենն այսօր եկավ և հայտարարեց, որ պետք է որոշակի հաշվարկներ արվեն, նաև գումարի չափը պետք է ճշտվի, որից հետո մենք պետք է համաձայնություններ ստորագրենք, որ աշխատվարձը ստանալուց հետո տույժ և տուգանքների համար դատարան չենք դիմելու, և դրանից հետո նոր միայն աշխատավարձը կվճարվի: Դա նշանակում է, որ վաղը մենք աշխատավարձ չենք ստանալու»,- ասաց Անուշ Հարությունյանը:
Նա նաև հավելեց, որ սպասում են գլխավոր տնօրենին, ով գնացել է նախարարություն՝ ճշտելու, թե ինչ կարող են անել: Նրա վերադարձից հետո էլ կորոշեն հետագա անելիքները:
Ազնիվ Սիրադեղյան