Ինչպես երեկ հայտնել էինք մեղադրանք է առաջադրվել Սուրիկ խաչատրյանի եղբորը` Սեյրան Խաչատրյանին Գորիսի «Սդղի գյոլ» հատվածում Զաքարյան եղբայրներին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու գործով:
Քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Մուշեղ Զաքարյանի նկատմամբ կիրառված բռնություններին մասնակցել է նաեւ քաղաքացի Սեյրան Խաչատրյանը:
Նախնական քննության արդյունքներով՝ մայիսի 2-ին՝ ժամը 17-ի սահմաններում, «Սդղի գյոլ» կոչվող տարածքում առաջացած վիճաբանության ժամանակ ժամանակ մի խումբ անձինք ծեծել են Մուշեղ Զաքարյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որի ժամանակ Սեյրան Խաչատրյանը եւս ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Սեյրան Խաչատրյանն այսօր ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով եւ հարցաքննվել։
Մանրամասները ճշտելու համար Իրավաբան.net-ի թղթակիցը զանգահարեց Սեյրան Խաչատրյանի փաստաբան` Արմեն Խաչատրյանին` փորձելով ճշտել, թե արդյո՞ք Սեյրան Խաչատրյանը ցուցմունք տվել է և ինչ դիրքորոշում ունի իրեն առաջադրված մեղադրանքը վերաբերյալ: Սակայն փաստաբանը հրաժարվեց պատասխանել ու անջատեց հեռախոսը:
Էլեն Բարսեղյան