Ներմուծվող սննդամթերքի դիտարկման համար արդեն գանձվում է համապատասխան վճար

Այլ երկրներից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերը ենթակա է դիտարկման լիազոր մարմնի` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից:
Դիտարկում իրականացնող պաշտոնատար անձի կողմից լրացվում է դիտարկման թերթիկը 2 օրինակից, որի մեկ օրինակը դիտարկումն ավարտվելուց հետո տրվում է տնտեսավարող սուբյեկտին:
Լրացված դիտարկման թերթիկը ստորագրում են դիտարկում իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) եւ տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը:
Նախկին օրենքով վերը նշված դիտարկման համար պետական տուրքի գումար չէր գանձվում, սակայն 07.02.2012թ. ընդունված «Սննդամթերքի անվտանգության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով կատարվել է փոփոխություն:
Այսպես.
Համաձայն վերը նշված օրենքի 15.2. հոդվածի`
1. Լիազոր մարմնի կազմում գործող սահմանային հսկիչ կետի տեսուչը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանությունը պարզելու նպատակով սահմանային անցումային կետում զննում է ներմուծվող սննդամթերքը եւ կենդանական ծագման մթերքը եւ որոշում ուղեկցող փաստաթղթերին համապատասխանությունը: Զննման ընթացքում ուսումնասիրվում են միայն փաստաթղթեր, բացառությամբ Հայաuտանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերի:
2. Ներմուծվող սննդամթերքի եւ (կամ) կենդանական ծագման մթերքի զննման եւ ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար տնտեսավարող սուբյեկտից գանձվում է վճար՝
1) կես տոննայից մինչեւ մեկ տոննա քաշի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չափով.
2) մեկ տոննան գերազանցող քաշի դեպքում՝ լրացուցիչ յուրաքանչյուր տոննայի համար 300 դրամի չափով:
3. Մինչեւ կես տոննա քաշի համար վճար չի գանձվում:
Օրենքը քաշի մեկ միավոր է համարվում ներմուծվող սննդամթերքի եւ (կամ) կենդանական ծագման մթերքի մեկ խմբաքանակը:
Նշված օրենքն ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել