Այսօր կառավարության նիստը սկսվելուն պես վարչապետ Հովիկ Աբրահամյանը անդրադարձավ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շուրջ ստեղծված իրավիճակին: Նախ նա ընդգծեց, որ բարձրացումը օբյեկտիվ գործոններով է պայմանավորված: Ինչ վերաբերում է ՀԷՑ-ում չարաշահումներին, ապա պարոն Աբրահամյանն ասաց. «Հասարակության մեջ մտայնություն կա, որ սակագնի բարձրացումը կապված է չարաշահումներով կամ ժողովրդավական լեզվով ասած՝ թալանով, չեմ բացառում, որ չարաշահումներ եղել են, բայց ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ սակագինն այդ հանգամանքով պայմանավորված չէ»:
Վարչապետը նաև հերքեց այն պնդումները, որ էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությունները մեծ գումարներ են տրամադրում սեփական կարիքների համար. «Կան խոսքեր, որ ընկերությունը գումարը շռայլորեն ծախսում է թանկարժեք մեքենաների, բնակարանների, առանձնատների վարձատրության վրա: Պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Հանրային ոլորտը կարգավորող հանձնաժողովը մշտապես հաշվարկել է այդ ծախսերը, օրինակ՝ բնակարանների ու տների վրա զրո դրամ է ծախսվում, իսկ մեքենաների դեպքում գումարը նվազեցվել է երեք անգամ»,- ասաց նա:
Վարչապետի բերած օբյեկտիվ գործոնները մի քանիսն էին՝ բնակլիմայական վիճակ, վերջին երեք տարիներին ազգային փոխարժեքի տատանում, ատոմակայանի անսարքություն, որի արդյունքում այն տևական ժամանակ չի գործել: Տվյալ պարագայում պետությունն ուներ երկու ճանապարհ կա՛մ պետք է սակագինը փոփոխեր, կա՛մ էլ պետական սուբսիդիայի միջոցով խնդրին լուծում տար: Ըստ էության, կառավարությունը գնաց առաջին ճանապարհով:
Իսկ ի՞նչ կլինի, եթե սակագինը չփոխվի ու վնասվերը չփոխհատուցվեն, վարչապետը հիշեց մութ ու ցուրտ տարիները. «Չեմ կարծում, որ այսօր պետք է մոռանալ երկրի անվտանգության այս կարևոր բաղադրիչի մասին: Եթե վնասները չփոխհատուցվեն ու արտադրող կայաններին չվճարվի, արդյունքում այսօր անցյալում թվացող հովհարային անջատումները շատ արագ կդառնան առօրյա»,- ասաց կառավարության ղեկավարը:
Իրավաբան.net