Փաստաբանը գտնում է, որ Սահմանադրության մեջ հարկավոր է ամրագրել անհնազանդության իրավունքը

Ոստիկանության միջամտությունը եղել է անօրինական և ոչ համաչափ: Մեկնաբանելով հունիսի 23-ի վաղ առավոտյան տեղի ունեցած բախումները, երբ ոստիկանները բռնի ուժ կիրառեցին հավաքի մասնակիցների նկատմամբ, ասաց փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը. «Ցուցարարների գործողությունները համապատասխանում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 11-րդ հոդվածի սկզբունքներին, իսկ ոստիկանների միջամտության անհրաժեշտությունը չկար, տվյալ դեպքում խոսքը չէր գնում անկարգությունների կամ հանցագործությունը կանխելու մասին»: Փաստաբանի փոխանցմամբ՝ բողոքի ակցիան զուտ սոցիալական բնույթ էր կրում. «Քաղաքական խնդիր դրված չէր»:

Բացի այդ, պարոն Սիմոնյանը նշեց, որ տարբեր երկրների Սահմանադրություններում առկա է անհնազանդության իրավունքը, բայց ոչ՝ մեր. «Կարծում եմ՝ Սահմանադրական բարեփոխումների շրջանակներում հարկավոր է նաև այս սկզբունքը ներառել»,- ասաց նա:

Խոսելով հարուցված քրեական գործից՝ նա ասաց. «Մարդկանց նպատակը ոչ թե հասարակական կարգի խախտումն էր, այլ իրենց սոցիալական խնդրին լուծում տալը: Դիտավորություն չկար հասարակական կարգը խախտելու, առավել ևս. որ այդ խաղաղ հավաքը ցրվել է գիշերը 5:30, այսինքն՝ հասարակություն էլ չկար շրջակայքում, հասարակությունը հենց նրանք էին, ովքեր նստացույց էին իրականացնում, այսինքն՝ իրենք իրենց անդո՞րն էին խանգարում»:

Ըստ փաստաբանի՝ քրեական գործ պետք է հարուցվեր ոչ թե խուլիգանության հատկանիշներով այլ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հոդվածներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել