Ոչ մի բարեփոխում չի եղել ոստիկանության համակարգում, անօրինական գործելաոճը շարունակվում է. փաստաբան

Այսօր խախտվել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 11-րդ հոդվածը, այսինքն՝ անձանց հավաքների իրավունքների ազատությունը: Իրավաբան.net-ի լրագրողի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը. «Ոստիկանների գործողությունները չեն եղել իրավաչափ, համաչափ, չի բխել օրենքից: Իրականում ձևական է ոստիկանության այն պնդումները, թե իրենց մոտ բարեփոխումներ են իրականացվել, ինչպիսի անօրինական գործելաոճով, որ հայտնի է եղել ոստիկանությունն, այդպես էլ շարունակում է, յուրաքանչյուր անգամ, երբ որ մենք ականատես ենք լինում այսպիսի գործողությունների, մեզ համար ակնհայտ է դառնում, որ ոչ մի փոփոխություն էլ տեղի չի ունեցել»,- ասաց փաստաբանը:

Ինչ վերաբերում է խուլիգանության հատկանիշներով քրեական գործի հարուցմանն, ապա ըստ տիկին Սահակյանի հավաքի մասնակիցները որևէ քրեորեն պատժելի արարք չեն կատարել. «Այսինքն՝ քրեական օրենսգրքի որևէ հոդված, որով կարող էր հարուցվել քրեական գործ, ուղղակի գոյություն չունի, ծիծաղելի է խուլիգանության հոդվածով քրեական գործի հարուցումը: Հասկանում եմ սա ինչից է գալիս՝ բազմաթիվ անձիք բռնության են ենթարկվել, մենք գիտենք, որ մեր պետությունում, որպես կանոն, երբ բռնություն է իրականացվում անձի նկատմամբ, հետո ճիշտ հակառակ քրեական գործ է հարուցվում այդ անձի նկատմամբ, որպեսզի ոստիկանները կարողանան իրենց անօրինականությունը քողարկել այդպիսի քրեական գործի տակ և փոխարենը պատասխանատվության ենթարվեն ոստիկաններ, պատասխանատվության են ենթարկվում այն քաղաքացին, ում նկատմամբ բռնություն է գործադրվել»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ նպատակ կա վախեցնելու քաղաքացիական հասարակությանը:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել