Փորձաշրջան անցնող անձն ունի աշխատողին հավասար իրավունքներ

Շատերին է ծանոթ, երևի, աշխատանքային փորձաշրջան հասկացությունը, իսկ ի՞նչ է այն իրենից ներկայացնում, և ի՞նչ իրավունքներ ունեն աշխատողները փորձաշրջանի ընթացքում:
ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը տալիս է այս հարցերի պատասխանը:
Գործատուն կամ անձը, որի հետ պետք է կնքվի աշխատանքային պայմանագիր, կարող են պայմանագրում սահմանել փորձաշրջան` նախատեսված աշխատանքին (պաշտոնին) աշխատողի համապատասխանությունը ստուգելու նպատակով:
«Փորձաշրջանի ժամկետը չի կարող երեք ամսից ավելի լինել, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Ի դեպ, այդ ընթացքում անձն ունի աշխատողին վերապահված բոլոր իրավունքները և կրում է բոլոր պարտականությունները» ,- Իրավաբան.net-ի լրագրողին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 91 հոդվածի 3-րդ մասի` փորձաշրջան չի կարող նախատեսվել, եթե աշխատանքի են ընդունվում`

1)տասնութ տարին չլրացած անձինք.
2)ընտրովի պաշտոն զբաղեցնողները, ինչպես նաև պաշտոնի նշանակման համար որակավորման քննություններ հանձնած անձինք.
3) գործատուների փոխադարձ համաձայնությամբ այլ աշխատանքի փոխադրվող անձինք.
4) օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

Իրավաբանի փոխանցմամբ` եթե գործատուն կամ աշխատողը գտնում են, որ նախատեսված աշխատանքում (պաշտոնում) աշխատողի համապատասխանության ստուգման նպատակով սահմանված փորձաշրջանի ընթացիկ արդյունքներով աշխատողը չի համապատասխանում առաջադրված պահանջներին, ապա մինչև փորձաշրջանի ժամկետը լրանալը կարող են լուծել աշխատանքային պայմանագիրը`այդ մասին երեք օր առաջ գրավոր ձևով ծանուցելով միմյանց:
Եթե փորձաշրջանն անցնելուց հետո աշխատողը շարունակում է աշխատել, ապա նա համարվում է փորձաշրջան անցած, և գործատուն կարող է նրա հետ աշխատանքային պայմանագիրը լուծել օրենքով սահմանված կարգով:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել