Ներդրվել է արտաքին առևտրի ազգային «մեկ պատուհան» սկզբունքը

Կարևորելով արտաքին տնտեսական գործունեություն (ԱՏԳ) իրականացնողների համար բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծումը, ՀՀ ֆինանսների նախարարությունը որդեգրել է մաքսային մարմիններում «մեկ պատուհան» սկզբունքի ներդրման և կիրառման քաղաքականությունը: Այս մասին հաղորդում են ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ըստ աղբյուրի՝ ԱՏԳ մասնակիցները ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրումների իրականացման պահանջներն ապահովելու նպատակով շատ երկրներում ստիպված են լինում պետական կառավարման մարմիններին, ընդ որում, հաճախ տարբեր գերատեսչությունների ներկայացնել մեծածավալ փաստաթղթեր և տեղեկատվություն: Այս առումով, ըստ ՖՆ տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և զարգացման վարչության պետ Միքայել Փաշայանի, «մեկ պատուհանը» հանդիսանում է առաջադեմ գործիք` ԱՏԳ գործառնությունների դյուրինացման և տեղեկատվության ստանդարտացման տեսանկյունից: Հայաստանի Հանրապետությունում արտաքին առևտրի ազգային «մեկ պատուհան» սկզբունքի ներդրման շրջանակում ՖՆ տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և զարգացման վարչության կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ:

Մասնավորապես, Միքայել Փաշայանի խոսքով` 2013 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ ներմուծվող դեղերի և դեղանյութերի ներմուծման հավաստագրերը տրամադրվում են բացառապես էլեկտրոնային եղանակով` «մեկ պատուհան» սկզբունքով: «2015թ. մայիսից կիրառվում է նաև «Բուսական և կենդանական ծագման, սննդամթերքի ու սննդի հետ շփվող ապրանքների ներմուծման և արտահանման թույլտվությունների և հավաստագրերի տրամադրման «մեկ պատուհան» համակարգը: Իսկ փորձնական շահագործման է հանձնվել «Միջազգային փոստային և սուրհանդակ կապի ծառայությունների մաքսային հաշվառման» համակարգը»,-տեղեկացրել է վարչության պետը: Իրականացվել է հայ-վրացական մաքսային սահմանում մաքսային մարմինների միջև «Ուղևորների, տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային փոխադրման վերաբերյալ տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման» համակարգի տեխնիկական առաջադրանքի համաձայնեցում:

Որպես տվյալների փոխանակման ձևաչափ, ըստ Միքայել Փաշայանի, ընտրվել է ՀՄԿ տվյալների մոդելը (WCO Data Model): Մաքսային ծառայության և ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև ներդրվել է «Պարտապանի վերաբերյալ էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման, պարտապանի գույքի վրա արգելանք դնելու և արգելանքից հանելու» էլեկտրոնային համակարգը, ինչը փոխարինել է նախկինում կիրառվող թղթային եղանակով տվյալների փոխանակման գործընթացին և ապահովվել է համապատասխան գործընթացի իրականացումը «իրական ժամանակում»:

Մայիսից շահագործման է հանձնվել նաև վիճակագրական հայտարարագրի ներկայացման համակարգը, ինչի արդյունքում հնարավորություն է ընձեռվել մաքսային մարմինների կողմից հավաքագրված և մշակված տեղեկատվության հիման վրա իրականացնել արտաքին առևտրի ներկա իրավիճակի և զարգացման հեռանկարների վերլուծություն: Ներդրվել է Մաքսային միության տարածքով ապրանքների փոխադրման նկատմամբ հսկողության համակարգը` մաքսային տարանցում մաքսային ընթացակարգին համապատասխան: Ապրանքների դասակարգման նախնական որոշումների ընդունման և հաշվառման համակարգը նույնպես կիրառության մեջ է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել