Բնակելի գոտին կառուցապատված տարածք է, որի մուտքն ու ելքը նշված են 5.21` «Բնակելի գոտի» և 5.22` «Բնակելի գոտու վերջ» ճանապարհային նշաններով: ՀՀ ճանապարհային երթեվեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին կառավարության N 955-Ն որոշումը սահմանում է, որ բնակելի գոտում հետիոտների տեղաշարժը թույլատրվում է ինչպես մայթերով, այնպես էլ երթևեկելի մասով: Բնակելի գոտում հետիոտներն ունեն առավելություն, սակայն նրանք չպետք է անտեղի խոչընդոտեն տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Բնակելի գոտուց դուրս գալիս՝ վարորդները պետք է ճանապարհը զիջեն մյուս տրանսպորտային միջոցների վարորդներին և չստեղծեն խոչընդոտ հետիոտների համար:
Բնակելի գոտիներում արգելվում են`
1) ուսումնական վարումը.
2) միջանցիկ երթևեկությունը.
3) կայանելը` աշխատող շարժիչով.
4) 3,5 տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների և ավտոբուսների (բացառությամբ միկրոավտոբուսների) կայանելը դրա համար նախատեսված և նշաններով կահավորված ու (կամ) գծանշված տեղերից դուրս:
Այս պահանջները տարածվում են նաև այն բակային տարածքների վրա, որոնք նշված չեն 5.21` «Բնակելի գոտի» ճանապարհային նշանով, սակայն ամբողջ պարագծով պարփակված են բնակելի շենքերով: