«Հայփոստ»-ի աշխատակիցը մեղադրվում է ավելի քան 13 մլն. դրամ հափշտակելու մեջ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքի աշխատակցին՝ ավելի քան 13 մլն. դրամ հափշտակելու համար։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության փոստային բաժանմունքի 37-ամյա աշխատակցուհին փոստային բաժանմունքին տրամադրված, կենսաթոշակառուներին և նպաստառուներին հանձնելու համար իրեն վստահված գումարներից 2013թ. փետրվար ամսից մինչև 2014թ. մայիսի 7-ն ընկած ժամանակահատվածում յուրացնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափի 13.759.393 ՀՀ դրամ գումար։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա աշխատակցուհուն մեղադրանք առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Այս մասին Իրավաբան.net-ին հաղորդում են Քննչական կոմիտեից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել