Այս նախագծի ընդումամբ այլևս կարիք չի լինի մեռելոցի օրերը ոչ աշխատանքային սահմանելու և տեղափոխելու շաբաթ օր

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան հաշվում գրել է.

«Քիչ առաջ շրջանառության մեջ եմ դրել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Դրանով մասնավորապես առաջարկվում է աշխատողներին տաղավար տոներին հաջորդող մեռելոցներին աշխատանքից 3 ժամով բացակայելու իրավունք վերապահել՝ ննջեցյալ հարազատների գերեզմաններ այցելելու համար: Այսինքն՝ օրենքի ընդունմամբ այլևս կարիք չի լինի այդ օրերը ոչ աշխատանքային սահմանելու և տեղափոխելու շաբաթ: Միաժամանակ հաշվի կառնվեն դարերի ընթացքում ձևավորված կրոնական ավանդույթները: Ընդ որում, խտրականություն թույլ չտալու համար, նախատեսել եմ հատուկ դրույթ այլ կրոնական ուղղություներին դավանող անձանց համար, ովքեր կարող են օգտվել նշված իրավունքից իրենց կրոնական տոմարով համապատասխան օրերին գերեզմաններ այցելելու համար:

Խնդիրն այն է, որ երկուշաբթի օրվա փոխարեն շաբաթ օրն աշխատանքային սահմանելու դեպքում բանկերն ու համանման կառույցները չաշխատելով երկուշաբթի և աշխատելով շաբաթ օրը՝ փաստացի 2 օրն էլ չեն կարողանում որոշակի փոխանցումներ և այլ գործառնություններ կատարել: Մյուս կողմից, բաց է մնում շաբաթական 6 օր աշխատողների հարցը, քանի որ բազմաթիվ գործատուներ, հաշվի չառնելով աշխատանքային օրենսգրքի պահանջները, չաշխատած երկուշաբթի օրվա փոխարեն կիրակի օրն են աշխատանքի կանչում աշխատողներին, ովքեր փաստորեն այդպիսով աշխատում են 12 օր անընդմեջ:

Այսպիսով նախագծերի փաթեթը քաղաքացիների համար իրավական հիմք է ստեղծում համապատասխան օրն այցելելու գերեզմաններ՝ առանց ոչ աշխատանքային օր հայտարարելու անհրաժեշտության»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել