ՄԻԵԴ-ում Հայաստանը ներկայացնող դատավորի ընտրության մրցույթի մի զգալի հատվածը ծածուկ է պահվել դիտորդներից` խախտվել է մրցույթի անցկացման թափանցիկության սկզբունքը. այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց մրցույթին որպես դիտորդ մասնակցող «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը:
«Մեզ թույլ չեն տվել դիտարկել մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված դիմողների հայտերը, դրանց կից փաստաթղթերը, ինքնակենսագրականները, հայտարարագրերը, թե ինչու են ուզում դառնալ դատավոր, կրթությունն ու մասնագիտական փորձը: Նախորդ անգամ թույլ էին տվել, և մենք բացահայտել էինք, որ երեք հոգի ժամկետի խախտմամբ էին ներկայացրել իրենց դիմումները: Ըստ երևույթին դա էր պատճառը, որ այս անգամ սահմանափակել էին փաստաթղթերի մատչելիությունը»,- ասաց Լ. Հակոբյանը:
Նա հայտնեց նաև, որ դիտորդներին արգելվել է նաև ներկա լինել մրցութային հանձնաժողովի ամփոփիչ նիստին, ինչի հետևանքով զրկվել են դիտարկելու հնարավորությունից, թե ինչպես են հանձնաժողովի անդամները գնահատել հավակնորդներին և հիմնավորել իրենց գնահատումը:
Ինչ վերաբերում է մրցույթի արդյունքների ամփոփմանը, ապա Լուսինե Հակոբյանը նշեց, որ եռօրյա ժամկետում հանձնաժողովը պետք է համապատասխան արձանագրությունը հրապարակեր, սակայն անհասականալի է, թե ինչու մինչ այս պահը այդ արձանագրությունը հրապարակված չէ: