Ոստիկանության փոխգնդապետի և մայորի կողմից կաշառք ստանալու գործի նախաքննությունն ավարտվել է. ՀՔԾ

ՀՀ Հատուկ քննչական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդում է, որ Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի ոստիկանության բաժնի աշխատակիցներ, ոստիկանության փոխգնդապետ Հասմիկ Խաչատրյանի և ոստիկանության մայոր Ալեքսան Հարությունյանի կողմից քաղաքացի Արթուր Մարդանյանից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2014 թվականի հոկտեմբերի վերջին քաղաքացի Արթուր Մարդանյանը հաշվառվելու նպատակով ներկայացել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի ոստիկանության բաժին, որտեղ հանդիպելով ոստիկանության փոխգնդապետ Հասմիկ Խաչատրյանին` նրան խնդրել է «լավության տակից դուրս գալու» պայմանով լուծել որևէ հասցեում իր փաստացի բնակության վերաբերյալ արձանագրություն տրամադրելու հարցը:
Հասմիկ Խաչատրյանն Արթուր Մարդանյանին ծանոթացրել է Ալեքսան Հարությունյանի հետ, ապա նպաստել է նրանց` կաշառքի շուրջ համաձայնության գալուն: Հասմիկ Խաչատրյանը ուղղորդել է Ալեքսան Հարությունյանին Արթուր Մարդանյանի օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություն կատարելով գրել իրականությանը չհամապատասխանող դիմում՝ Երևան քաղաքի Թերլեմեզյան 18-րդ հասցեում հաշվառվելու վերաբերյալ, ինչից հետո վերոհիշյալ հասցեում բնակվելու հանգամանքը հաստատելու համար Ա. Հարությունյանը Ա. Մարդանյանից պահանջել է 80 հազ. ՀՀ դրամ կաշառք:
Ալեքսան Հարությունյանը կազմել է ակնհայտ կեղծ արձանագրություն, որի դիմաց Հասմիկ Խաչատրյանի աշխատասենյակում, վերջինիս ներկայությամբ Արթուր Մարդանյանից ստացել է 80 հազ. ՀՀ դրամ կաշառք: Արձանագրությունը կազմելուց հետո Ա. Հարությունյանը և Հ. Խաչատրյանը կաշառք ստանալու կասկածանքով բռնվել են ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության աշխատակիցների կողմից:
Ոստիկանության փոխգնդապետ Հ. Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ ոստիկանության մայոր Ա. Հարությունյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:
Մինչդատական վարույթում Հասմիկ Խաչատրյանի և Ալեքսան Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել