Ի՞նչ բարեփոխումներ են կատարվել տաքսիներով ուղևորափոխադրումների ոլորտում

Ինչպես նախապես հայտնել էինք, դեկտեմբերի 26-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպում ունեցավ տաքսի ծառայություն մատուցող կազմակերպությունների ղեկավարների և անհատ վարորդների հետ: Հանդիպման ընթացքում  պարզաբանվեցին մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների ոլորտները կանոնակարգող օրենքներում և լիցենզավորման կարգում կատարված փոփոխությունները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:
«Հայաստանի Հանրապետությունում մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 22-ի  N 655-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների ոլորտներտում կատարվել են հետևյալ բարեփոխումները.
1. Այսուհետ ֆիզիկական անձինք կարող են մեկ ավտոմոբիլով տաքսի ծառայություն  մատուցել առանց գրանցվելու պետական ռեգիստրում: 
Տվյալ դեպքում, տաքսի ծառայության գործունեություն իրականացնելու համար      ընդամենն անհրաժեշտ է. 
ա/ տրանսպորտային միջոցը կահավորել սահմանված պահանջներին համապատասխան 
բ/  ներկայացնել պահանջվող փաստաթղթերը և ստանալ գործունեություն իրականացնելու իրավունք: 
2. Հանվել է  դեղին հիմնագույնի համարանիշների պահանջը։  Դրանց փոխարեն՝ համապատասխան ներդիրը կփակցվի մեքենայի դիմապակուն:  Սրանով կկրճատվի 4-5 գործողություն, և կխնայվի 17500 դրամ գումար:
Նախկինում  լիցենզիա ստացող անձը պետք է տեղեկանք վերցներ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից, այն տաներ ճանապարհային ոստիկանություն, ամրագրեր ստանալու ենթակա դեղին հիմնագույնի համարանիշը, նորից վերադառնար տրանսպորտի և կապի նախարարություն, ոստիկանություն…երկարատև մի ճանապարհ անցներ։ 
3. Հանվել է ամենօրյա բուժզննում և տեխզննում իրականացնելու պարտադիր պահանջը, արդյունքում վարորդներն ամսական կխնայեն նաև 10000-15000 դրամ: 
Այս փոփոխությունն իրականացվել է նկատի ունենալով այն, որ անհատ տաքսիստներն,  առանց որևէ միջնորդ կազմակերպության, իրենք կարող են հետևել իրենց առողջական և մեքենայի տեխնիկական վիճակին և դրա համար լրացուցիչ 10000-15000 դրամ գումար չվճարեն: 
4. Լիցենզավորման գործընթացում ներդրվել է Մեկ պատուհանի սկզբունքը. ամբողջ գործընթացը կիրականացվի ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից: 
5.  Գործունեություն իրականացնելու համար սահմանվել է վճարման ճկուն համակարգ.
1 ավտոմոբիլով ֆիզիկական անձինք պետական տուրքը կարող են վճարել ամսական,     եռամսյակային կամ տարեկան կտրվածքով: 
6. Կրճատվել է լիցենզիայի տրամադրման ժամկետը. նախկին 30 օրվա փոխարեն սահմանվել է 7 օր:
7. Լիցենզավորված կազմակերպությունների համար մինչև հաջորդ տուրքի վճարման ժամկետը սահմանվել է անցումային ժամանակաշրջան՝ 6 ամիս, լիցենզավորման նոր կարգով սահմանված պահանջներին իրենց գործունեությունը  համապատասխանեցնելու համար:
8. Միաժամանակ ուղևորների և սպառողների շահերի պաշտպանության, ինչպես նաև տաքսիստների նկատմամբ վստահությունը բարձրացնելու նպատակով պետք է ավտոմոբիլի թափքի կողային մասում նշված լինի փոխադրման արժեքը, տեսանելի մասում տեղադրված լինի տաքսամետրը (սակաչափիչը), որը պետք է լինի ստուգաչափված:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել