Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Սամվել Մեխակյանի դեմ հարուցված քրեական գործը:
Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Սամվել Մեխակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր անվանափոխության դիմումի վերաբերյալ Ավանի ՔԿԱԳ բաժնի կողմից մերժում ստանալու կապակցությամբ 2014թ. մայիսի 19-ին ժամը 18.00-ի սահմաններում, նշված վայրի աշխատասենյակների պատուհանների մոտ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ՔԿԱԳ տ/բ պետ Քրիստինե Մխոյանի և մյուս աշխատակիցների նկատմամբ 20 րոպե տևողությամբ տվել է անցենզուր բնույթի հայհոյանքներ:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Սամվել Մեխակյանի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ըստ որի՝ Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով»:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: