ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր հանդիպել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների ղեկավարներին: Հանդիպմանը քննարկվել են ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: Նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրել է քաղաքացիների կողմից կարևորություն ունեցող հարցերին և տեղեկացրել, որ վերջինների վերաբերմունքը, գնահատականները հասկանալու համար ամենօրյա մշտադիտարկում է իրականացվելու:
Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը համառոտ ներկայացրել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում բարեփոխումների ընթացքը: Նա նշել է, որ բոլոր գործընթացները պետք է իրականացվեն բացառապես էլեկտրոնային կառավարման միջոցով, քաղաքացիների կողմից դիմում գրելու պրակտիկան վերացվելու է, դրանք կարվեն տեղում, իսկ քաղաքացիները միայն ստորագրելու են: Նրա խոսքով՝ էլեկտրոնային կառավարման աշխատանքների կազմակերպման նպատակով արդեն տեղադրվել է 157 համակրգիչ, 129 տպիչ և առաջիկայում նախատեսվում է համալրել այլ անհրաժեշտ սարքերով, իսկ նախկինում գրանցված թղթային փաստաթղթերը թվայնացվելու են: «Արդեն ՔԿԱԳ 31 ստորաբաժանումներ անցել են էլեկտրոնային կառավարման համակարգին, աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի այդ գործընթացը հեշտացվի և ամեն ինչ ներկայացվի էլեկտրոնային տարբերակով: Կազմակերպվելու են դասընթացներ, որպեսզի աշխատակիցները տիրապետեն բոլոր տեխնիկական միջոցներին»,-նշել է Սուրեն Քրմոյանը: Նախարարը ներկաներին հավաստիացրել է, որ նշված աշխատանքներն անընդհատ բարելավվելու են և ստեղծվելու է կազմակերպչական այնպիսի ընթացակարգ ու կառուցվածք, որը հնարավորություն կտա խնդիրների առաջացման դեպքում անմիջապես տալ արդյունավետ լուծումներ: ՔԿԱԳ պետերից մեկի հարցին, թե հնարավոր է ՔԿԱԳ-ները նորից վերադառնան արդարադատության համակարգ, քանի որ իրենց մոտ առաջանում են խնդիրներ, որոնց չեն կարողանում լուծում տալ, նախարարը պատասխանել է, որ ավելի նպատակահարմար է այս ֆորմատով փորձել լուծումներ գտնել, իսկ առաջ քաշված տարբերակը կարող է այլընտրանքային լուծումներից մեկը լինել: Այնուհետև նախարարը խոսել է աշխատավարձերի բարձրացման մասին՝ նշելով, որ կան տարածքներ, որտեղ բարձրացում տեղի չի ունեցել, ուստի պետք է համայնքների առջև նման հարց բարձրացնել, իսկ եթե համայնքը չկարողանա, ապա Արդարադատության նախարարությունը կառաջարկի Տարածքային կառավարման նախարարությանը լուծել խնդիրը:
ՀՀ արդարադատության նախարարը հստակ հրահանգներ ու հանձնարարականներ է տվել իր տեղակալին, ՔԿԱԳ գործակալության պետին, ՀՀ ԱՆ աշխատակազմի վերահսկողության տեսչության պետին՝ ՔԿԱԳ տարածքային մարմինների աշխատանքների բարելավման վերաբերյալ: