Կալիֆոռնիայի իշխանությունները մտահոգված են բանտերում պատիժը կրող այն հասակավոր մարդկանց մեծ քանակով, ովքեր ազատազրկման վայրերում են հայտնվում այսպես կոչված՝ «երեք հանցագործությունների օրենքի» կիրառման արդյունքում:
Օրենքի կիրառումը իշխանություններին կանգնեցնում է մեծ ծախսերի առջև, քանի որ անկախ հանցագործության տեսակից, երեք անգամ հանցանք գործած քաղաքացին համաձայն այդ իրավական փաստաթղթի, պետք է դատապարտվի ոչ պակաս քան 25 տարի: Այս մասին հայտնում է «Փաստինֆո» լրատվական գործակալությունը:
Օրինապահ ամերիկացիները գոհ են օրենքից, սակայն իրավապահ մարմինները միանգամայն հակառակ կարծիքի են. նման կարգով դատապարտվածների վրա պետությունը 2 անգամ ավելի շատ միջոցներ է ծախսում և հետո՝ այդ օրենքով դատվածները հիմնականում բարձր տարիքի կամ ծերունահասակ մարդիկ են: Իրավապահների կարծիքով՝ այդ մարդիկ այնքան էլ հակված չեն կրկնահանցագործության, ուստի կարելի է նրանց ժամկետից շուտ ազատ արձակել:
Այսօր ԱՄՆ-ի բանտերում անազատության մեջ պատիժ կրողներից 125 հազարի տարիքն անցնում է 55-ից: Նրանցից 14 հազարը տեղավորված են Կալիֆոռնիայի բանտերում, իսկ նրանց համար կատարվող ծախսերի առյուծի բաժինն ուղղվում է դեղերին ու բժշկական սպասարկմանը:
Նոյեմբերին նախատեսվում է նահանգում այդ օրենսդրության փոփոխության հարցի քվեարկություն, որի ընդունումը հնարավորություն կտա ազատ արձակել 3000 դատապարտյալի: Բարեփոխումների հեղինակներն առաջարկում են «Երեք հանցագործությունների օրենքը» կիրարկել ծանր հանցագործների և եռակի ռեցիդիվիստների նկատմամբ, եթե նրանց հանցանքները ծանրագույն են կամ բռնարարքային: Բացառություն են միայն այն մարդիկ, որոնց երկրորդ հանցագործությունը սպանություն կամ բռնաբարություն է:
Նշենք, որ 2010 թ. Կալիֆոռնիայում արդեն ընդունված օրենքը թույլ է տալիս ծանր հիվանդ հանցագործին ժամկետից շուտ ազատ արձակելու դիմում ներկայացնել: Սակայն պահանջներն այնքան խիստ են, որ առ այսօր միայն 37 հիվանդ դատապարտյալ է ազատվել:
Ի դեպ, 2004 թ. նույնպես օրենսդիրները Կալիֆոռնիայում փորձել են փոխել «Երեք հանցագործությունների օրենքը», բայց այդ ժամանակ դրա դեմ հանդես եկավ նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը: 2008թ. օրենքը բարեփոխելու կողմնակիցները ևս մեկ անգամ նման փորձ արեցին, բայց անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ չհավաքվեցին: