ՀՀ Հարկային ծառայությունը ներկայացրել է հաշվետվություն Տնտեսության մեջ փաստաթղթաշրջանառության ապահովման նպատակով օգոստոսի 21-30 հարկ վճարողների հետ իրականացված աշխատանքների վերաբերյալ:
Ֆինանսների նախարարությունը օգոստոսի 21-30-ը շարունակել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները: Օգոստոսի երրորդ տասնօրյակում աշխատանքների շեշտադրումը հիմնականում կատարվել է իրազեկման արդյունքում հարկ վճարողների կողմից ճշտված հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման և ցուցանիշների բարելավման վրա:
Մասնավորապես պարզվել է, որ, օրինակ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ընկերության մայիս և հունիս ամիսների համար ներկայացրած ԱԱՀ ճշգրտված հաշվարկներով դեբետը նվազել է 236մլն դրամով` առաջացնելով բյուջե լրացուցիչ վճարման ենթակա հարկ` 1.3մլրդ դրամի չափով: Աշխատողների թվաքանակի և ԱՎՈՒՄ-ի մակարդակի վերաբերյալ իրական տվյալների արտացոլման ուղղությամբ իրականացված իրազեկումների արդյունքում 195 հարկ վճարող նախորդ ժամանակաշրջանի համեմատ լրացուցիչ հայտարարագրել է 907 աշխատող և 110մլն դրամի եկամտային հարկ:
Հաշվետու տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 19 ստուգումների արդյունքում արձանագրվել է 245.3մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:
Աշխատողի աշխատանքի ընդունումը օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու 19 ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 32 չգրանցված աշխատող և արձանագրվել է 2.3մլն դրամի հարկային պարտավորություն: Ընդհանուր առմամբ երրորդ տասնօրյակում ցանկում ընդգրկված հարկ վճարողների մոտ իրականացված իրազեկման և հսկողական միջոցառումների արդյունքում բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարը կազմել է 2մլրդ 128.1մլն դրամ: