Նոր օրինագծով տղամարդկանց և կանանց համար ամուսական տարիք է սահմանվում տասնութ տարեկանը

Այսօր Կառավարությունը հավանություն է տվել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աբրահամյանի կողմից օրենսդրական նախաձեռնությամբ օրենքի 25-րդ հոդվածի 6.1 մասն առաջարկվում է լրացնել նոր բովանդակությամբ. եթե ԱԺ խմբակցության, պատգամավորական խմբի անդամների ընդհանուր թվի կրկնապատիկը փոքր է մշտական հանձնաժողովների ընդհանուր թվից, ապա խմբակցությունը, պատգամավորական խումբն իրավունք ունի իր անդամին ներկայացնելու մինչև երեք մշտական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար։ Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում խմբակցությունը կամ պատգամավորական խումբը կարող է ներկայացված լինել անդամների այնպիսի քանակով, որ չկարողանա մասնակցել ԱԺ բոլոր 12 հանձնաժողովների աշխատանքներին։

 Գործադիրը մեկ այլ որոշմամբ հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Օրենքի մեջ կատարվող փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է տղամարդկանց և կանանց միջև գենդերային հավասարությունն ապահովելու պահանջով. եթե ներկայումս ընտանեկան օրենսգրքով ամուսնության կնքման համար տարիքային չափանիշ է սահմանված` կանանց համար` տասնյոթ, իսկ տղամարդկանց համար` տասնութ տարեկան տարիքի հասնելը, ապա առաջարկվող նախագծով և՛ կանանց, և՛ տղամարդկանց համար սահմանվում է միևնույն` մինչև տասնութ տարեկան ամուսնական տարիքը։

 Վերը նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել