Վայոց Ձորի մարզի Ազատեկ գյուղի բնակիչներն այսօր արգելել են տեխնիկայով գյուղ եկած անձանց կտրել Խորհրդային միության ժամանակներից գյուղում գտնվող ջրագիծը: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց Վայոց ձորի մարզի Ազատեկ գյուղի բնակիչ, համայնքի ավագանու անդամ Սևադա Զաքարյանը:
Նրա խոսքով` այս պահին այդ խողովակների միջով ջուր չի հոսում, սակայն ոռոգման ջրի լուրջ խնդիր ունեցող գյուղացիների համար մեծ կարևորություն ունի այդ խողովակներն օգտագործել սեփական համայնքի ոռոգման ջրի խնդիրը կարգավորելու համար:
Ազատեկ գյուղի գյուղապետ Սիրակ Հովսեփյանն էլ Իրավաբան.net-ին փոխանցեց, որ այդ խողովակները համայնքի սեփականությունը չեն, այլ պատկանում են Ջրային տնտեսության պետական կոմիտեին:
«Ուզում են այդ խողովակները տեղափոխել այլ համայնքներ ոռոգման ջրի հարցը լուծելու համար, սակայն մեր գյուղում ևս ոռոգման ջրի խնդիր կա»,- հայտեց Սիրակ Հովսեփյանը:
Սևադա Զաքարյանի տեղեկություններով` այդ խողովակները ցանկանում են այլ վայր տեղափոխել ՀԷԿ կառուցելու համար: Նա նշեց, որ գյուղի բնակչությունը վճռական է տրամադրված և թույլ չի տալու խողովակները գյուղից հանել:
Նշենք, որ գյուղացիների բողոքից հետո այս պահին դադարեցվել են այդ աշխատանքները, սակայն տեխնիկան շարունակում է գտնվել գյուղի տարածքում: