Այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տեղի ունեցավ հատկապես կարևոր գործերի նորանշանակ քննիչների երդման հանդիսավոր արարողությունը:
Վերջերս բաց մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված 1-ին դասի խորհրդականներ Ազատ Հարությունյանը, Գարեգին Բեգոյանը, Սամվել Սարգսյանը, Ռաֆայել Գևորգյանը, Աշոտ Օհանյանը, 2-րդ դասի խորհրդականներ Զավեն Թադևոսյանը, Վահե Խաչատրյանը և արդարադատության 2-րդ դասի խորհրդական Վազգեն Ավետիսյանը երդվեցին հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, հասարակական կարգը, անվտանգությունն ու սահմանադրական կարգը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել իրենց պարտականությունները:
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Վահրամ Շահինյանը շնորհավորեց նորանշանակ հատկապես կարևոր գործերի քննիչներին և հորդորեց, որ վերջիններս արժանապատվորեն պահպանեն երդման տեքստում հնչեցրած բոլոր խոստումները:
Լուսանկարը` investigatory.am-ի