Լոռու մարզի փաստաբաններս մեր վրդովմունքն ենք հայտնում Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում 2014թվականի ապրիլի 11-ին տեղի ունեցած աննախադեպ միջադեպի կապակցությամբ:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Համայակ Սահակյանի վերաբերյալ քրեական գործով 2014 թվականի ապրիլի 11-ի դատական նիստի սկզբում դատավոր Սուրեն Բաղդասարյանը մեղադրյալի պաշտպան Արտակ Ոսկանյանին թույլ չի տվել մասնակցել դատավարությանը՝ պատճառաբանելով վերջինիս վարույթից հեռացված լինելը: Երբ պաշտպան Արտակ Ոսկանյանը փորձել է ճշտել, թե երբ, օրենքով սահմանված որ հիմքով է հեռացվել վարույթից և ինչու այդ մասին իրեն տեղյակ չի պահվել, դատավորը հայտնել է, թե բացատրություն տալու պարտականություն չունի և առաջարկել է հեռանալ պաշտպանի համար նախատեսված տեղից ու նստել դահլիճում:
Ի պատասխան դատավորի այդ գործողությունների՝ փաստաբան Ա. Ոսկանյանը ներկայացրել է գրավոր դիմում այն մասին, որ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի հոդվածի 2-րդ մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասը (քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձի համար երաշխավորվում է իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքը), ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 71-րդ հոդվածը, 68-րդ հոդվածի 2-րդ մասը (անձը պաշտպանի իրավավիճակ ձեռք է բերում մեղադրյալի համաձայնությամբ՝ նրա պաշտպանությունն ստանձնելու պահից), տեղյակ է պահել այն մասին, որ մեղադրյալն իր ընտրությամբ հրավիրել է իրեն քրեական գործով հանդես գալու որպես իր պաշտպան, որի հիման վրա նշված քր. գործով ստանձնել է մեղադրյալի պաշտպանությունը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով ձեռք է բերել վերջինիս պաշտպանի իրավավիճակ: Դիմումին կից ներկայացվել է փաստաբան լինելու հանգամանքը հաստատող փաստաթղթի՝ փաստաբանական գործունեության արտոնագրի պատճենը, անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև մեղադրյալի ստորագրությամբ վավերացված փաստաթղթային հաստատումը՝ 11.04.2014թ. գրավոր դիմումը, որով մեղադրյալը գրավոր տեղեկացրել է դատարանին այն մասին, որ քր. գործի քննությանը որպես իր պաշտպան հանդես է գալու փաստաբան Ա. Ոսկանյանը: Միաժամանակ մեղադրյալն այդ մասին ևս մի քանի անգամ հայտարարել է դատական նիստում և պնդել, որ իր շահերը պաշտպանի փաստաբան Ա. Ոսկանյանը:
Այսինքն, փաստաբան Արտակ Ոսկանյանի կողմից ներկայացվել են օրենքով սահմանված բոլոր փաստաթղթերը և վերջինս օրենքի ուժով ձեռք է բերել պաշտպանի կարգավիճակ, որի մասին պաշտոնապես տեղյակ է պահել դատարանին: Այդուհանդերձ, թեև փաստաբանը պաշտպանի կարգավիճակ ձեռք է բերում օրենքի ուժով, ոչ թե դատարանի թույլտվությամբ, դատավորը Ա. Ոսկանյանին թույլ չի տվել նրան հանդես գալու որպես պաշտպան և կրկին առաջարկել է հեռանալ պաշտպանի համար նախատեսված տեղից ու նստել դահլիճում: Երբ մեղադրյալը և Ա. Ոսկանյանը կրկին առարկել են դատավորի ապօրինի գործողությունների դեմ՝ մեկ անգամ ևս վկայակոչելով սահմանադրական ու կոնվենցիոն նորմերի պահանջները, դատավոր Սուրեն Բաղդասարյանը դիմել է աննախադեպ քայլի. որոշում է կայացրել Ա. Ոսկանյանի նկատմամբ կիրառել դատական սանկցիա՝ վերջինիս որպես քաղաքացի հեռացնել դատական նիստերի դահլիճից, և կարգադրել է դատական կարգադիչներին ի կատար ածել դատարանի որոշումը, ինչն էլ կատարվել է: Մինչդեռ դատարանը փաստաբանի նկատմամբ նման դատական սանկցիա կիրառելու իրավասություն չունի:
Դատավոր Սուրեն Բաղդասարյանը նման գործողություններով ոչ միայն կոպտորեն խախտել է մեղադրյալի՝ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքը, այլ նաև խոչընդոտել է փաստաբան Ա. Ոսկանյանին իրականացնելու իր լիազորությունները՝ նրան հարկադիր կարգով հեռացնելով դատական նիստերի դահլիճից:
Արտահայտելով մեր խորին վրդովմունքը դատավոր Սուրեն Բաղդասարյանի ապօրինի գործողությունների կապակցությամբ՝ կոչ ենք անում վերացնել թույլ տրված խախտումները և հետայսու ձեռնպահ մնալ փաստաբանների նկատմամբ օրենքով չնախատեսված գործողություններ կատարելուց:
Լոռու մարզի փաստաբաններ՝
- Ռուբեն Հակոբյան
- Էդուարդ Չատինյան
- Վահան Ավագյան
- Հասմիկ Ջալալյան
- Գայանե Հակոբյան
- Աննա Սարգսյան
- Սվետլանա Սոլոյան
- Տաթևիկ Մատինյան
- Մհեր Դավթյան
- Կարինե Գասպարյան
- Արայիկ Ավագյան
- Վիկտորյա Ալեքսանյան
- Վարդան Սուղյան
- Ռաֆիկ Պարոնյան
- Արտակ Ոսկանյան
- Լարիսա Դոխոյան
- Գերասիմ Հարությունյան
- Արսեն Սերոբյան
- Շիրվանզադե Վարդանյան
- Ադելինա Հակոբյան
- Գուրգեն Հարությունյան
- Հովսեփ Հովսեփյան
- Արման Ոսկանյան
- Արմեն Չիլինգարյան
- Գագիկ Նալբանդյան
- Արմենուհի Ջանջուղազյան
- Մելսիկ Ղարագյոզյան
- Նոնա Սուքիասյան
- Սասուն Մխիթարյան
- Արայիկ Պապիկյան
Լուսանկարը` dataran.am-ի