Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ իրեն Էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ նշանակելու որոշումը համարում է ապօրինի եւ անընդունելի:

Հայտարարությունում ասվում է.

«Հովիկ Աբրահամյանը հուլիսի 2-ին կարգադրություն է ստորագրել Հինգերորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին, որով հանձնաժողովի նախագահ է նշանակել ՀՀԿ խմբակցության անդամ, Դավիթ Հարությունյանին, իսկ նախագահի տեղակալի կարգավիճակը վերապահել է տողերիս հեղինակին` առանց Հայ ազգային կոնգրեսի խմբակցության ներկայացման, ինչը «ԱԺ կանոնակարգ» օրենքի 24.1 հոդվածի 3-րդ կետի կոպիտ խախտում է: Աբրահամյանի ստորագրած կարգադրության մասին տեղեկացել եմ մամուլից եւ իմ նշանակումը Էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ համարում եմ ապօրինի եւ անընդունելի: Սույնով հայտարարում եմ, որ չեմ ստանձնի էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը: Նաեւ մտադիր եմ ակտիվ մասնակցություն ունենալ էթիկայի հանձնաժողովի աշխատանքներին, որպես առաջնահերթություն ունենալով իրենց օրենքից վեր դասող օլիգարխ-պատգամավորների վարքուբարքի հարցերը սույն հանձնաժողովի շրջանակներում քննության առնելու օրենսդրական արգելքները վերացնելը, բացերը լրացնելը»:

Հիշեցնենք, որ, ըստ «ԱԺ կանոնակարգ օրենքի», ԱԺ նախագահը Էթիկայի հանձնաժողովի նախագահի և նախագահի տեղակալի պաշտոններում նշանակում է խորհրդարանի ամենամեծ իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների՝ ռոտացիոն կարգով. մեկ նստաշրջանում նախագահը լինում է ընդդիմության ներկայացուցիչը, մյուսում՝ իշխանությանը, մինչև որ սպառված են համարվում հերթական գումարման խորհրդարանի բոլոր նստաշրջանները:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել