«Իրավական դիրքորոշումների մեջ հստակ տրված է, որ սեփականության իրավունքի անհամաչափ սահմանափակումը և ոտնահարումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Հետևաբար պարտադիր բաղադրիչը չի կարող գործադրվել այս որոշման հրապարակման պահից»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՍԴ դիմող կողմի ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ իրենք հետամուտ են լինելու, որպեսզի որևէ անձ չենթարկվի իրավական և ոչ իրավաչափ միջամտության:
Պատգամավորը, դիմելով բոլոր գործատուներին և աշխատակիցներին, կոչ արեց.
«Եթե չեք ցանկանում ձեր գումարներ որևէ ֆոնդ գնան, դուք իրավունք ունեք պահանջելու որպեսզի ձեր գումարներից պահում չկատարվի: Հարգելի գործատուներ դուք պարտավոր չեք կատարել պահումներ և փոխանցումներ: Ինչպես նաև, իրավունք ունեք ձեր աշխատակիցների ցանկությամբ հետ վերադաձնել ձեր աշխատակիցների նախորդ ամիսներին պահված գումարները»:
Եթե քաղաքացիների պահանջով գումարները հետ չեն վերադարձվում, ապա դա կարող է առաջացնել ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված պատասխանատվության միջոցներ, այդ թվում նաև անհիմն հարստացման դիմաց վճարվող հետ վերադարձման ենթակա տուգանքներ:
Վերջում Արծվիկ Մինասյանը հավելեց, որ ՍԴ այս որոշումից հետո ոչ միայն Կառավարությունը այլ նաև Օրենսդիր մարմինը պետք է օր առաջ շահագրգռված լինեն ՍԴ որոշումը կատարելու համար, այլ ոչ թե սպասեն մինչև սեպտեմբերի 30-ը: