Ազգային ժողովն ընդունել է ««Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը։ Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ Ազգային ժողովից։
Հոկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է ««Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծը։
Նախագծային կարգավորումներն ուղղված են «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի կիրարկման ընթացքում առաջացած գործնական խնդիրների լուծմանը, ինչպես նաև Մարդու իրավունքների ազգային հաստատությունների համաշխարհային միավորման հավատարմագրման ենթահանձնաժողովի՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ կապված փոփոխությունների անհրաժեշտությանը վերաբերող` դեռևս տարիներ առաջ ներկայացված հանձնարարականների կատարմանը։ Սա կարևոր քայլ է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ճանապարհին, որն իրականություն է դարձել Մարդու իրավունքների պաշտպանի և իրավասու մարմինների արդյունավետ համագործակցության արդյունքում:
Օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է եկել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար, ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։
Փոփոխություններն ու լրացումները նախատեսվել են մի քանի առանցքային ուղղություններով, որոնցից են՝
-Պաշտպանն իրավասու է խթանել մարդու իրավունքների միջազգային չափանիշներին Հայաստանի Հանրապետության օրենսդրության և դրա կիրառման համապատասխանեցումը, այդ թվում՝ իրականացնել մարդու իրավունքների միջազգային չափանիշներին Հայաստանի Հանրապետության օրենսդրության և դրա կիրառման համապատասխանության ուսումնասիրություն և մշտադիտարկում, խթանել մարդու իրավունքների և ազատությունների ապահովմանն ուղղված միջազգային պայմանագրերի՝ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացումն (միանալը) ու Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին ներպետական օրենսդրության և դրա կիրառման համապատասխանեցումը,
-Սահմանադրական օրենքում ամրագրվել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունը՝ Սահմանադրական դատարան իրավական դիրքորոշում (amicus brief) ներկայացնելու՝ Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցերով։ Սա պաշտոնապես ամրագրում է մի գործառույթ, որը Պաշտպանը տարիներ շարունակ իրականացնում էր Սահմանադրական դատարանի հետ համագործակցության շրջանակներում,
-Ամրագրվել է Պաշտպանի լիազորությունը՝ մարդու իրավունքների և ազատությունների վերաբերյալ հարցերով իրականացրած հետազոտությունների հիման վրա հանդես գալու արտահերթ հրապարակային զեկույցներով կամ հաղորդումներով,
-Հստակեցվել է, որ հրաժարականի հիմքով լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Պաշտպանի կողմից ներկայացվող ամփոփ հաղորդումը պետք է ընդգրկի ոչ միայն իրականացված գործունեությունը, այլև տվյալ ժամանակահատվածում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին հաշվետվությունը, որն էլ ապահովում է հաշվետվողականության լիարժեքությունը։
Ընդունված օրենքի նախագիծը համալիր լուծումներ է տալիս Պաշտպանի ինստիտուտի գործառնական և մանդատային խնդիրներին՝ նպաստելով երկրում մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման վիճակի բարելավմանն ու այդ նպատակով հաստատության արդյունավետության ամրապնդմանը: