Այսօր՝ հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ ԱԺֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրեց «2023 թվականի ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը։
«Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև միջկառավարական բանակցությունները, որոնք կայացել են 2023 թվականի նոյեմբերի 22-ին Երևանում, ըստ էության, ձևավորել են ֆինանսական համագործակցության համաձայնագրի նախահիմքը։ Նշված բանակցությունների տրամաբանական շարունակությունը լինելու է հաջորդ միջկառավարական հանձնաժողովի նիստը, որը նախատեսված է այս ամսվա վերջին՝ Բեռլինում։ Այդ ընթացքում մենք նախատեսում ենք ամփոփել նախորդ ձեռքբերումները, արձանագրել իրականացված համաձայնությունները և նախանշել նոր համագործակցության շրջան։
Քննարկումների ընթացքում շեշտադրված են եղել հետևյալ ոլորտները՝
-
վերականգնվող էներգետիկա,
-
էներգաարդյունավետություն,
-
մասնագիտական և տեխնիկական կրթություն,
-
ջրային ենթակառուցվածքների բարելավում,
-
տարածքային կառավարման բարեփոխումներ,
-
տեխնոլոգիական ոլորտի զարգացում։
Այս բոլորի համատեքստում Գերմանիայի կողմից Հայաստանին տրամադրվելու է ընդհանուր առմամբ 84.6 միլիոն եվրո՝ վարկի և դրամաշնորհի ձևով, այդ թվում՝
- 69 միլիոն եվրո վարկ,
- 15.6 միլիոն եվրո դրամաշնորհ, որից՝
- 3 միլիոն եվրոն ներառված է վարկային համաձայնագրում՝ որպես խորհրդատվական և ուղեկցող ծրագրերի մաս,
- 12.6 միլիոն եվրոն՝ տրամադրվելու է առանձին տեխնիկական համաձայնագրով՝ GIZ (ՋԻԶԵԹ)-ի միջոցով։
Այս տարվա մարտի 31-ին, Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի Հայաստան այցի շրջանակում, ստորագրվել է տվյալ համաձայնագիրը։ Այն արդեն անցել է բոլոր անհրաժեշտ փուլերը՝ կառավարության հաստատում, Սահմանադրական դատարանի եզրակացություն և այժմ ներկայացվում է Ազգային ժողովի քննարկմանը»,- նշեց նախարարը։