ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել է ծանր հանցագործության՝ պատվերով սպանության նախապատրաստման դեպք։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեից։
Քննչական կոմիտեի տվյալներով՝ կողմերի միջև առաջացած վիճաբանությունից հետո, որն ավարտվել է դանակահարությամբ, Հ.Գ.-ն վրեժխնդիր լինելու նպատակով իր ընկերոջը՝ Տ.Մ.-ին, դրդել է սպանել Ա.Օ.-ին։
Նախաքննությամբ պարզվել է, որ Տ.Մ.-ն, Հ.Գ.-ի հետ նախնական համաձայնությամբ և խմբի կազմում, ապօրինի կերպով ձեռք է բերել և իր բնակության վայրում պահել գործարանային արտադրության ակոսափող հրազեն, ինքնաձիգ, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ և մարտական նռնակ։
Ա.Օ.-ին սպանելու նպատակով Տ.Մ.-ն, Հ.Գ.-ի դրդմամբ, կատարել է նախապատրաստական գործողություններ՝ վարձակալելով վերջինիս տան հարևանությամբ գտնվող առանձնատունը, հետևելով Ա.Օ.-ի տեղաշարժին և կատարելով լուսանկարահանումներ։ Սակայն Ա.Օ.-ն հայտնաբերել է նրան և ընկերների հետ ծեծի ենթարկել։
Հետագայում Տ.Խ.-ն և Հ.Գ.-ն շարունակել են ապօրինի պահել նշված զենքն ու ռազմամթերքը՝ հարմար առիթ փնտրելով սպանությունն իրագործելու համար։ Սակայն ՆԳՆ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում կանխվել է հանցագործության իրագործումը, իսկ վերջիններս հայտնաբերվել և ձերբակալվել են։
Խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել է նշված զենք-զինամթերքը։
Տ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով (սպանության նախապատրաստություն) և 335-րդ հոդվածի 2-րդ մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), իսկ Հ.Գ.-ի նկատմամբ՝ 46-43-155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով (սպանության նախապատրաստության դրդում) և 335-րդ հոդվածի 2-րդ մասով։
Երկուսի նկատմամբ էլ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։