Հոկտեմբերի 10-ին Ջոն Հայրապետյանի նախագահությամբ անցկացվեց Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը գործով վերջին դատական նիստը։
Իշխան Վահանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Ն զորամասի գումարտակի հրամանատար, նույն ստորաբաժանման ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության պայմաններում, 2020թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու եւ սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ դրսեւորել է իշխանության անգործություն:
Բացի այդ, 2020թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտի ժամանակ ինքնակամ լքել է մարտադաշտ հանդիսացող՝ վերոնշյալ տեղանքի մարտական դիրքերը:
Իշխան Վահանյանը կալանավորված էր 2021թ․ մարտի 18-ից։
Դատարանը Վահանյանին մեղավոր ճանաչեց ՀՀ գործող քրեական օրենսգրքի 546-րդ հոդվածի 1-ին մասով և 549-րդ հոդվածի 3-ին մասով, և պատիժները մասնակի գումարելով՝ վերջնական պատիժ նշանակվեց ազատազրկում 16 տարի ժամկետով: Պատիժը կհաշվարկվի Վահանյանին արգելանքի վերցնելու պահից, նայ կկրի 11 տարի 10 ամիս 4 օր ժամկետով ազատազրկում։ Կիրառվել նաև լրացուցիչ պատիժ, Իշխան Վահանյանը զրկվեց ՀՀ ԶՈւ «մայորի» կոչումից։
Նշենք որ նախորդիվ հանրային մեղադրողը միջնորդել էր Վահանյանը ազատազրկել 18 տարի ժամկետով։
Լուսանկարը՝ Հետքի