ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը սույն թվականի հոկտեմբերի 2-4-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մասնակցել է Լատինական նոտարիատի միջազգային միության 31-րդ համաժողովին։ Միջոցառումը կայացել է Գերմանիայի նոտարական պալատի հյուրընկալությամբ։ ՀՀ նոտարական պալատի պատվիրակության կազմում էին նոտարներ Սամվել Ղարիբյանը, Ռոզա Բեկչյանը, Աննա Բեկչյանը, Տաթևիկ Մինասյանը, Անի Մութաֆյանը և Ռուզաննա Տոնոյանը: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ նոտարական պալատից։
«Համաժողովի ընթացքում Լատինական նոտարիատի միջազգային միությունը համալրվել է երկու նոր անդամով. Բուրունդին և Ղրղզստանը միացել են նոտարիատի համաշխարհային ընտանիքին: Միջազգային համաժողովի բացման օրը տեղի է ունեցել կազմակերպության երկու նոր անդամի ընդունման պաշտոնական արարողությունը:
Նոտարների միջազգային 31-րդ համաժողովի նպատակն էր ստեղծել փորձի փոխանակման հարթակ Լատինական նոտարիատի միջազգային միության անդամ երկրների նոտարների համար՝ աշխարհի տարբեր ծայրերից: Համաժողովի խորագիրն էր «Նոտարի մասնագիտությունը շարժման մեջ. նոր տեխնոլոգիաներ, նոր դերեր», որի շրջանակում քննարկվել են նոտարիատի ոլորտի նորարարություններն ու ձեռքբերումները՝ տեխնոլոգիական առաջընթացին համընթաց։ Այս համատեքստում սահմանվել է նոտարի դերն ապագայում՝ թվային համակարգի առանցքում:
Միջազգային համաժողովի ընթացքում քննարկվել է նաև նոտարի դերը ժամանակակից իրավական համակարգի առանցքում, թե ինչ նոր գործառույթներ պետք է վերապահվեն նոտարին՝ իրավական, սոցիալ-տնտեսական և հասարակական կյանքի փոփոխություններին համընթաց:
Միջազգային 31-րդ համաժողովի ընթացքում ներկայացվել են նաև Լատինական նոտարիատի միջազգային միության Նոտարիատի համաշխարհային համալսարանի կատարած աշխատանքները 2023–2025 թվականների ընթացքում:
Լատինական նոտարիատի միջազգային միության համաժողովն ավարտվել է մասնագիտական քննարկմամբ, որը նվիրված էր Մայրցամաքային իրավունքի արժեքներին», – ասված է հաղորդագրության մեջ:


Լուսանկարները՝ ՀՀ նոտարական պալատից