Iravaban.net-ը Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ 2024 թվականի սեպտեմբերի 12֊ին Հակակոռուպցիոն դատարանում քրեական գործ է ստացվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված մեղադրական եզրակացությամբ, այն է՝ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար։
Նույն օրը գործը մակագրվել է դատավոր Գիվի Համլետի Հովհաննիսյանին։
2024 թվականի սեպտեմբերի 16֊ին դատարանը ստանձնել է գործի վարույթը և նշանակել նախնական դատալսումներ։
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն: Խաչատուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա
- 2010 թվականի օգոստոսին զբաղեցնելով ՀՀ ՊՆ Ապարանի զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժանմունքի պետ, զինվորական կոմիսարի տեղակալի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, սակայն ի պաշտոնե օժտված չլինելով զորակոչիկներին տարկետում տրամադրելու լիազորություններով, այնուհետև
- 2010 թվականի նոյեմբերի 3-ից մինչև 2013 թականի մարտի 18-ը զբաղեցնելով ՀՀ ՊՆ Ստեփանավանի զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժանմունքի պետ, զինվորական կոմիսարի տեղակալի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, սակայն ի պաշտոնե օժտված չլինելով ՀՀ ՊՆ Ապարանի զինկոմիսարիատում հաշվառված զորակոչիկներին տարկետում տրամադրելու լիազորություններով,
- իսկ 2013 թականի մարտի 18-ից 2018 թվականի մայիսի 3-ը զբաղեցնելով ՀՀ ՊՆ Ապարանի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, օժտված լինելով կազմակերպչական տնօրինչական լիազորություններով՝ կապված զորակոչիկներին տարկետում տրամադրելու համար անհրաժեշտ փաստաթղթեր կազմելու, ըստ վերադասության ներկայացնելու հետ՝
ՀՀ ՊՆ Ապարանի զինկոմիսարիատում որպես զինապարտ հաշվառված, Արագածոտնի մարզի Ճարճակիս համայնքի բնակիչ, Ռ. Խ-ին, որպես հիվանդ մոր խնամակալ ձևակերպելու և այդ կերպ նրան զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու պատրվակով, Ռ. Խ. – ի եղբորը ներկայացել է որպես զորակոչիկներին տարկետում տրամադրելու լիազորություններով օժտած պաշտոնատար անձ, հիշյալ ապօրինի գործողությունները կատարելու դիմաց նրանից պահանջել և ստացել է 35.000 ՀՀ դրամ արժողության մեկ հատ գառ, 2011 թվականի գարնանից 2012 թականի դեկտեմբեր ամիսների ընթացքում, դեռևս չպարզված տարբեր օրերի, ստացել է ընդհանուր 175.000 ՀՀ դրամ արժողության հինգ հատ գառներ և 2015 թվականի դեկտեմբերից 2016 թվականի հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում, դեռևս չպարզված օրը, ՀՀ ՊՆ Ապարանի զինկոմիսարիատում որպես զինապարտ հաշվառված, Արագածոտնի մարզի Ճարճակիս համայնքի բնակիչ, Ռ. Խ. ֊ի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու՝ վերջինիս ՀՀ ԶՈՒ չզորակոչվելու պայմաններում, իբր զինվորական ծառայություն անցած զինապարտի զինվորական գրքույկ տրամադրելու դիմաց, Ռ.Խուդոյանի եղբորից պահանջել և ստացել է ընդհանուր 70.000 ՀՀ դրամ, արժողության երկու հատ գառներ, յուրաքանչյուրը 35.000 ՀՀ դրամ արժողության և կանխիկ` 120.000 ՀՀ դրամ գումար:
Գործով նախնական դատալսումները դեռ շարունակվում են։ Նշված արարքը ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասի՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։