2025 թվականի սեպտեմբերի 29-ին Իրավաբանների հայկական ասոցիացիան «Արդյունավետ և ներառական ոստիկանական բարեփոխումների հանրային վերահսկողություն և իրազեկում» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում կազմակերպել էր ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության 2024-2026 թթ․ գործողությունների ծրագրի 2024-2025 թթ․ (I կիսամյակ) իրականացման ենթակա գործողությունների հասարակական մշտադիտարկման և գնահատման զեկույցի ներկայացման բարձր մակարդակի եզրափակիչ միջոցառումը։
Ներկաներին ողջունել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի փոխնախագահ, ոստիկանության ոլորտի բարեփոխումների փորձագետ, իրավաբան Մարատ Ատովմյանը։ Նա նշել է, որ ԻՀԱ‑ն մշտապես կարևորել է ոստիկանության դերը պետությունում՝ որպես հասարակական կարգի պահպանության համար կարևորագույն օղակներից մեկը։
«Բացի այդ, կազմակերպությունը բավականին մեծ փորձ ունի ռազմավարական ծրագրերի մշտադիտարկման հարցում։ Այսօր ներկայացվելու են կատարված աշխատանքները Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության 2024-2026 թթ․ գործողությունների ծրագրի հետ կապված։ Ողջունելի է, որ ծրագրի շրջանակներում հնարավոր է եղել ներգրավել երեխաներին և երիտասարդներին»,-նշել է Մարատ Ատովմյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ծրագրի շրջանակներում ԻՀԱ‑ն հայտարարել էր «Խոսի՛ր արդարության մասին» շարադրությունների և «Պատկերի՛ր արդարությունը» նկարչական մրցույթները, որոնց արդյունքները ամփոփվեցին այսօր՝ միջոցառման ընթացքում։
ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի տեղակալ Վահե Ենոքյանը շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության, առաջարկությունների և դիտարկումների ներկայացման համար։
«Զեկույցի վերաբերյալ սկզբունքային դիտարկումներ և առաջարկություններ ՆԳՆ‑ն չունի։ Բարձր ենք գնահատում գործողությունների ծրագրի կատարման բարելավմանը միտված՝ Ձեր կազմակերպության կողմից իրականացված մեծածավալ աշխատանքները, մեթոդական և բովանդակային առաջարկությունները։ Դրանք կհաշվի առնվեն մեր գործողությունները իրականացնելիս»,-նշել է Վահե Ենոքյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Այս ենթադրամաշնորհը իրականացվել է «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակում (www.juremonia.am)։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի, «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության, «Սոցիալական արդարություն» ՀԿ‑ի և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ‑ների կոնսորցիումի կողմից։
Կոնսորցիումի անդամ «Սոցիալական արդարություն» ՀԿ‑ի նախագահ Գայանե Հովակիմյանը ևս շնորհակալություն է հայտնել Իրավաբանների հայկական ասոցիացիային կատարված աշխատանքի, ինչպես նաև հետաքրքիր կազմակերպված միջոցառման համար։ Ընդգծվել է հատկապես երիտասարդների և երեխաների մասնակցությունը նման միջոցառմանը։
«Վերջին շաբաթվա ընթացքում մենք ցավալի իրադարձությունների ականատես եղանք, որոնք խախտում են հանրային համերաշխության, անվտանգության մեր պատկերացումները։ Մեզ հաճախ թվում է, թե երեխաները դա չեն զգում, իսկ երիտասարդները դրանց մասնակից չեն։ Նրանք շատ ավելի զգայուն են նման իրադարձությունների նկատմամբ, մենք պետք է նրանց հետ խոսենք, նրանց ներգրավենք և կարևորենք մեր բոլոր բարեփոխումների, պետության կայացման համար նշանակալի միջոցառումների ժամանակ»,-նշել է Գայանե Հովակիմյանը և կարծիք հայտնել, որ «Պատկերի՛ր արդարությունը» նկարչական մրցույթի ընթացքում ներկայացված աշխատանքները կարող էին տեղ գտնել նաև ՆԳՆ‑ի կայքէջում կամ կախվել նախարարության շենքում։
Նա նաև հույս է հայտնել, որ մշտադիտարկման արդյունքները կքննարկվեն ՆԳՆ համակարգում, ինչպես նաև Քննչական կոմիտեի, Գլխավոր դատախազության և Արդարադատության նախարարության գործընկերների հետ։
Մանրամասները՝ տեսանյութում
Այնուհետև, «Խոսի՛ր արդարության մասին» շարադրությունների և «Պատկերի՛ր արդարությունը» նկարչական մրցույթների համակարգող Անահիտ Մարդոյանը իր խոսքում ասել է, որ սկզբից մրցույթների հայտարարությունը երիտասարդների շրջանում արդարադատության, ոստիկանության և մարդու իրավունքների վերաբերյալ ընկալումների ստուգման համար է կարևորվել։
«Բավականին լավ և դրական արձագանքներ ենք ստացել, ինչը փաստում է մրցույթի ստացված լինելը։ Մարզերից մեծ թվով մասնակիցներ ենք ունեցել, ինչը շատ ենք կարևորում։ Իրազեկման առցանց սեմինարներ ենք անցկացրել, մասնակիցները ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները և պարզաբանումները։ Նկատելի է, որ երիտասարդները չեն վախենում իրենց կարծիքը հայտնել, վերլուծել ոլորտի խնդիրները և դրանց համար հնարավոր լուծումներ առաջարկել», -նշել է Անահիտ Մարդոյանը։
Մրցույթներից յուրաքանչյուրը ունեցել է 3 մրցանակակիր և 2‑ական հատուկ մրցանակակիր։ Մասնակիցներ են եղել ինչպես դպրոցներից, այնպես էլ համալսարաններից և քոլեջից։
«Պատկերի՛ր արդարությունը» նկարչական մրցույթի արդյունքները՝
- Գոհար Չիչյան (Գեղարքունիքի մարզ, 19 տարեկան)
- Գոհար Կիրակոսյան (Գեղարքունիքի մարզ, 17 տարեկան)
- Սարգիս Մկրտչյան (Արագածոտնի մարզ, 16 տարեկան)
Հատուկ մրցանակակիրներ՝ Ռադիկ Մադաթյան (Լոռու մարզ, 16 տարեկան), Աննա Ոսկանյան (Լոռու մարզ, 21 տարեկան)։
«Խոսի՛ր արդարության մասին» շարադրությունների մրցույթի արդյունքները՝
- Սուսաննա Էլբակյան (Արմավիրի մարզ, 20 տարեկան)
- Նարեկ Խաչատրյան (ք․ Երևան, 16 տարեկան)
- Աննա Ղազարյան (Լոռու մարզ, 17 տարեկան)
Հատուկ մրցանակակիրներ՝ Անահիտ Հովհաննիսյան (ք․ Երևան, 34 տարեկան), Մարիա Մանվելյան (ք․ Երևան, 17 տարեկան)։
Մանրամասները՝ տեսանյութում
Իրավաբան, մշտադիտարկման փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրել է Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարության 2024–2026 թթ․ գործողությունների ծրագրի 2024–2025 թթ․ (I կիսամյակ) իրականացման ենթակա գործողությունների մշտադիտարկման վերջնական զեկույցի մի հատվածը։ Նշված ժամանակահատվածում նախատեսված էր իրականացնել 52 գործողություն։
«Ռազմավարությունը գնահատվել է երկու մակարդակում՝ քանակական և որակական։ Առանձնացրել ենք երեք ոլորտ, որոնց ուղղություններով էլ կատարվել են որակական գնահատումներ՝ մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարում և բարեվարքության ամրապնդում, համայնքային ոստիկանության վերաիմաստավորում, ոստիկանական բարեփոխումների շրջանակներում միջազգային համագործակցություն», -նշել է նա և մանրամասն ներկայացրել գնահատման մեթոդաբանությունը, որը կիրառել է Իրավաբանների հայկական ասոցիացիան։
Մանրամասները՝ տեսանյութում
Իրավաբան, մշտադիտարկման փորձագետ Մարիամ Զադոյանը ներկայացրել է զեկույցի երկրորդ մասը՝ անդրադառնալով համայնքային ոստիկանության, մարդու իրավունքների, ոստիկանության գվարդիայի, մշտադիտարկման և համակարգման, հանրային ընկալման ու միջազգային համագործակցության ուղղություններին։
«Մարդու իրավունքների ուղղությամբ մի շարք կարևոր քայլեր են ձեռնարկվել, սակայն մի քանի գործողություններ գնահատվել են մասնակի կատարված։ Իրավունքների ծանուցումները թարգմանվել են 5 լեզվով՝ նախատեսված 10-ի փոխարեն։ Մտահոգիչ է, որ բացակայում են Հայաստանի փոքրամասնությունների լեզուները, ինչի կապակցությամբ ՀՀ-ն ունի ստանձնած պարտավորություններ։ Վատ վերաբերմունքի արձանագրման մեխանիզմը մշակվել է, օրենքը փոփոխվել է, սակայն ձևաթուղթը չի հաստատվել», -նշել է Մարիամ Զադոյանը։
Նա անդրադարձել է ընտանեկան բռնության թեմային՝ նշելով, որ թեև վերապատրաստումների կարգը, մոդուլները, ինչպես նաև բռնության զոհերի հետ հաղորդակցության ուղեցույցները մշակվել են, դրանք չեն տրամադրվել մշտադիտարկող խմբին, հետևապես վերջինս հնարավորություն չի ունեցել գնահատել զոհակենտրոն և գենդերազգայուն մոտեցումների առկայությունը։
«Համակարգող խորհուրդը ստեղծվել է և նիստ է անցկացվել, սակայն գործունեության ընթացակարգերը չեն կարգավորվել, և 4-ի փոխարեն ընդգրկվել է 3 ՀԿ։ Հաշվետվությունները հրապարակային չեն, ինչը սահմանափակում է թափանցիկությունը», -նշել է փորձագետը մշտադիտարկման ուղղության առնչությամբ։
Հանրային ընկալման ուղղությամբ շեշտվել է, որ թեև հաղորդակցության ռազմավարական ծրագիրը մշակվել է, սակայն հաստատման ապացույց չի տրամադրվել, իսկ արշավների ազդեցության չափման տվյալներ չեն ներկայացվել։ Անդրադառնալով միջազգային համագործակցությանը՝ Մարիամ Զադոյանը նշել է՝ ռազմավարությամբ 2027 թվականի համար սահմանված՝ Կովկասյան Բարոմետրի 40% թիրախային ցուցանիշը փաստացի ապահովված էր արդեն 2024թ․, ծրագրի ընդունումից առաջ։
«Միջազգային վարկանիշների մշտադիտարկման և իմիջի բարձրացման գործողությունների կապը հանրային վստահության աճի հետ հիմնավորված չէ, մինչդեռ թիրախային ցուցանիշը արդեն հասած էր նախքան բարեփոխումների սկիզբը», -ամփոփել է փորձագետը։
Մանրամասները՝ տեսանյութում
Զեկույցի ներկայացումից հետո Մարատ Ատովմյանը ներկայացրել է վերլուծության արդյունքում ձևավորված առաջարկությունները։ Նրա խոսքով՝ առաջարկությունները կարելի է բաժանել երկու խմբի՝ մեթոդական և բովանդակային։
Մեթոդական առաջարկությունները հետևյալն են՝
- Ազդեցության չափման ցուցանիշների բացակայություն հանրային ծառայությունների որակի գնահատման համար
- Կադրային քաղաքականության արդյունքների չափման բացթողումներ
- Վերլուծությունների բովանդակային պահանջների անորոշություն
- Վերապատրաստումների գիտելիքների գնահատման չափորոշիչների անհամապատասխանություն
- Իրազեկման նյութերի տարածման և ազդեցության մոնիթորինգի բացակայություն
- Հանրային քննարկումների արդյունքների չափման անհետևողականություն
- Աուդիտի և գնահատման մեթոդաբանության պահանջների բացակայություն
Բովանդակային առաջարկները միտված են ոստիկանության համակարգի համապարփակ բարեփոխմանը՝ ընդգրկելով մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարում, բարեվարքության ամրապնդում, կրթական և վերապատրաստման ծրագրերի զարգացում, օպերատիվ աշխատանքի և տեխնոլոգիական կարողությունների բարձրացում, ինչպես նաև հանրային վստահության և միջազգային համագործակցության խորացում։ Առաջարկվում է մշակել թափանցիկ և մրցակցային կադրերի հավաքագրման մեխանիզմ, ներդնել իրավական պատրաստվածությամբ մասնագետների ներգրավման համակարգ, ինչպես նաև ապահովել ելքային հարցազրույցների միջոցով կադրային քաղաքականության բարելավման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրում։ Նպատակ է դրվում ներդնել կատարողականի գնահատման համակարգ, որը կապ ունի առաջխաղացման, պարգևատրման և պատասխանատվության մեխանիզմների հետ։
Բարեվարքության ամրապնդման նպատակով նախատեսվում է մշակել ռազմավարություն՝ ներառելով բարեվարքության ռիսկերի գնահատման մեթոդաբանություն, պարտադիր ստուգումներ բոլոր մակարդակների ծառայողների համար և էթիկայի հանձնաժողովի կազմի վերանայում՝ քաղաքացիական վերահսկողության մասնակցությամբ։ Առաջարկվում է գործարկել բարեվարքության ռիսկերի կանխատեսման թվային համակարգ՝ խախտումների վաղ հայտնաբերման և կանխարգելիչ միջամտությունների նպատակով։
Կրթական բարեփոխումների շրջանակում շեշտադրվում է կիրառական հմտությունների զարգացումը՝ հատկապես իրավակարգի պահպանման, արտակարգ իրավիճակների, խոցելի խմբերի և հանրային հավաքների ժամանակ հաղորդակցության արդյունավետության վրա։ Պարեկային ծառայության դեպքում կարևորվում է իրավական գիտելիքների խորացումը, փաստագրության և սխեմաների կառուցումը։
Համայնքային ոստիկանության բարեփոխման շրջանակում առաջարկվում է վերանայել ընտանեկան բռնության գործառույթների բաշխումը՝ դիտարկելով մասնագիտացված խմբերի ստեղծում կամ համայնքային ոստիկանների վերապատրաստում։
Բարեփոխումների մշտադիտարկման և համակարգման նպատակով առաջարկվում է սահմանել խորհրդի աշխատանքի հստակ ընթացակարգեր, ապահովել ՔՀԿ ներկայացուցիչների մասնակցություն և ներդնել բարեփոխումների ազդեցության գնահատման մեխանիզմները։
Հանրային ընկալման բարելավման համար առաջարկվում է հրապարակել ռազմավարական հաղորդակցության ծրագիրը, իրականացնել հաղորդակցության արշավների ազդեցության գնահատում, պարբերական հարցումներ և մշակել համապատասխան մոնիթորինգի գործիքներ։ Միջազգային համագործակցության ոլորտում կարևոր են դոնորների համակարգման թափանցիկությունն ու ծրագրերի հրապարակումը, ինչպես նաև միջազգային գնահատումների արդյունքների ներկայացումը հանրությանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Միջոցառումը շարունակվել է հարցուպատասխանի ֆորմատով, որի ընթացքում փորձագետներն ու ՆԳՆ ներկայացուցիչը անդրադարձել են մասնակիցների կողմից բարձրացված հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ ռազմավարության ուղղությունների, նախատեսված գործողությունների և դրանց իրականացման ընթացքի վերաբերյալ։ Քննարկումն ընթացել է ակտիվ, նպատակային և արդյունավետ միջավայրում։
Մանրամասները՝ տեսանյութում
Իրավաբանների հայկական ասոցիացիայի փոխնախագահ Մարատ Ատովմյանն իր ամփոփիչ խոսքում նշել է, որ բարեփոխումների տված արդյունքներն արդեն տեսանելի են, ՆԳ նախարարության գործընկերներն էլ են ընդունում, որ դեռևս կան բազում խնդիրներ։
«Այս մշտադիտարկման նպատակը եղել է ոչ թե քննադատելը, այլ խնդիրների վերհանումը՝ օգնելու, աջակցելու նպատակով։ Կարծում եմ՝ այս կառուցողական երկխոսությունը, փոխգործակցությունը կշարունակվի, որովհետև, մեծ հաշվով, բոլորս նույն նպատակլի համար ենք աշխատում․ ունենալ պրոֆեսիոնալ, արդյունավետ, հասարակության լայն շրջանակների վստահությունը վայելով ոստիկանություն»,-ամփոփել է նա։
«Արդյունավետ և ներառական ոստիկանական բարեփոխումների հանրային վերահսկողություն և իրազեկում» ենթադրամաշնորհը իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակում՝ «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի կողմից հայտարարած դրամաշնորհի ներքո։
Ծրագրի նպատակն է բարձրացնել քաղաքացիական հասարակության մասնակցությունը ոստիկանական բարեփոխումների մոնիթորինգի և ազդեցության գնահատման գործում՝ ապահովելով կառուցվածքային ներգրավման մեխանիզմներ, անկախ գնահատում և հանրային իրազեկվածության բարձրացում։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։