Հրազդանի հիվանդանոցի նախկին տնօրենի և մյուսների նկատմամբ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Հրազդանի հիվանդանոց» պետական ՓԲԸ-ն տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ ծառայության շահերին հակառակ և շահադիտական նպատակներով չի կատարել ծառայողական պարտականությունները, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել ընկերության օրինական շահերին։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Բացի այդ, քննությամբ պարզվել է, որ տնօրենը կազմակերպել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացումը (փողերի լվացում)՝ դրա ծագումն ու պատկանելությունը թաքցնելու նպատակով։ Վերջինիս արդյունքում գույքի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվել է նրա որդուն։

Ըստ նախաքննության՝ տնօրենի գործողությունների հետևանքով «Հրազդանի հիվանդանոցը» զրկվել է առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 31 մլն դրամ շուկայական արժեքով գույքն իր հայեցողությամբ տնօրինելու հնարավորությունից, իսկ օտարումից ստացվել է ընդամենը մոտ 1.9 մլն դրամ եկամուտ։

Այս վարույթով՝

  • նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացման կազմակերպումը),
  • նրա որդուն և որդու ընկերոջը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում):

Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, և գործի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել