Փոփոխություններ Քրեական դատավարության օրենսգրքում․ նախագիծը դրվել է հանրային քննարկման

Iravaban.net-ը տեղեկացնում է՝ իրավական ակտերի հրապարակման էլեկտրոնային հարթակում սեպտեմբերի 25-ին հանրային քննարկման է դրվել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նածագիծը։

Նախագծով առաջարկվող փոխություններով և լրացումներով վերացվում են գործնականում ի հայտ եկած իրավական անորոշությունները և անհստակությունները, հստակեցվում են պետական գաղտնիք պարունակող քրեական վարույթներով վարութային գործողությունները ամրագրելու եղանակները, լրացվում են քրեական վարույթների անջատման կանոնները, նախատեսվում է հոգեբանին բացարկելու, գրավադրված անշարժ գույքը համարժեք այլ գույքով կամ դրամական գումարով փոխարինելու հնարավորություն, հսկող դատախազի կողմից քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին որոշոման կայացման համար  նախատեսվում է յոթնօրյա ժամկետ:

Նախագծով ՀՀ Արդարադատության նախարարությունը առաջարկում է իրականացնել հետևյալ փոփոխությունները։

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունիսի 30-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ 2.1.-ին մասով.

«2․1. Պետական գաղտնիք պարունակող քրեական վարույթներով վարութային գործողությունները ամրագրվում են թղթային եղանակով՝ համակարգչով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ձեռագիր կազմված արձանագրությամբ։»:

Հոդված 2. Օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Նույն անձի կողմից մեկից ավելի ենթադրյալ հանցանքներ կատարելու կամ մեկից ավելի անձանց կողմից մեկ կամ ավելի ենթադրյալ հանցանքներ կատարելու կապակցությամբ իրականացվող վարույթից կարող է անջատվել նոր վարույթ, եթե դա թելադրված է արդարադատության շահի պաշտպանության անհրաժեշտությամբ և չի կարող բացասաբար անդրադառնալ վարույթի արդարացիության վրա:»:

Հոդված 3. Օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետից հանել «, ինչպես նաև ձերբակալման ներքո չգտնվող անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին հսկող դատախազի որոշման» բառերը։

Հոդված 4. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը «մեղադրյալը» բառից հետո լրացնել «պարտադիր» բառով:

Հոդված 5 Օրենսգրքի 71-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «թարգմանիչին» բառից հետո լրացնել «,հոգեբանին» բառով:

2) 1-ին մասը «դատական նիստի քարտուղարը» բառերից հետո լրացնել  «կամ հոգեբանը» բառերով:

3) 1-ին մասի 2-րդ կետը «թարգմանիչ,» բառից հետո լրացնել «հոգեբան,» բառով։

4) 2-րդ մասը «թարգմանիչ,» բառից հետո լրացնել «,հոգեբան» բառով։

Հոդված 6. Օրենսգրքի 125-րդ հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ 2.1.-ին մասով.

«2․1. Գրավատուի դիմումի և հիմնավորող փաստաթղթերի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ գրավադրված անշարժ գույքը կարող է փոխարինվել համարժեք այլ գույքով կամ դրամական գումարով։»։

Հոդված 7. Օրենսգրքի 133-րդ հոդվածի 7-րդ մասում «գնով այդ նպատակով ներգրավված փորձագետի կողմից» բառերը փոխարինել «արժեքով» բառով։

Հոդված 8. Օրենսգրքի 196-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը «հսկող դատախազը» բառերից հետո լրացնել «յոթնօրյա ժամկետում» բառերով:

Հոդված 9. Օրենսգրքի 197-րդ հոդվածի  3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման կայացման, դրա բովանդակության, հանձնման և բողոքարկման նկատմամբ համապատասխանաբար կիրառվում են սույն օրենսգրքի 196-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով սահմանված պահանջները և նույն հոդվածի 6-12-րդ մասերով նախատեսված կարգը:

Հոդված 10. Օրենսգրքի 264-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Գրավոր ընթացակարգով իրականացվում են սույն օրենսգրքի 38-40-րդ գլուխներով (բացառությամբ ձերբակալման իրավաչափության վիճարկման դեպքի), 47-49-րդ գլուխներով նախատեսված վարույթները, ինչպես նաև սույն օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված դեպքում խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության քննությունը:»:

Հոդված 11. Օրենսգրքի 267-րդ հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ 1.1.-ին մասով՝

«1․1. Դատական նիստի տեսաձայնագրումը չի կարող տարածվել, դրա ընթացքի հեռարձակում, այդ թվում՝ ուղիղ հեռարձակում չի կարող իրականացվել մինչև տվյալ քրեական գործով ներգրավված և դատական նիստին կանչված բոլոր վկաների հարցաքննության ավարտը։»:

Հոդված 12. Օրենսգրքի 273-րդ հոդվածի 3-րդ մասը «հետաձգվում են» բառից հետո լրացնել «՝ բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է տվյալ դատական նիստը պաշտպանի բացակայությամբ շարունակելու մեղադրյալի համաձայնությունը և միևնույն ժամանակ բացակայում են սույն օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերը» բառերով:

Հոդված 13. Օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ խմբագրությամբ 3-րդ կետով՝

3) միջնորդությունը մասնակի բավարարելու և գույքի արգելադրման մասին քննիչի որոշման իրավաչափությունը մասամբ հատատելու մասին»։

Հոդված 14 օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 15. Օրենսգրքի 407-րդ հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ 2․2.-ին մասով.

«2.2. Բացառիկ վերանայման բողոքը վերադարձնելու մասին որոշումն իրավասու դատարանը կայացնում է բողոքն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:»:

Հոդված 16. Օրենսգրքի 408-րդ հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ 1.1.-ին մասով.

«1․1. Սույն օրենսգրքի 403-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-ին կետով նախատեսված դեպքում բացառիկ վերանայման արդյունքով իրավասու դատարանը փոփոխում է ստորադաս դատարանի դատական ակտը»։

Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Նախագիծը հանրային քննարկման համար բաց կլինի մինչև 2025 թվականի հոկտեմբերի 16-ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել