Ինչպես հաղորդում է Iravaban.net–ը, ՀՀ ֆինանսների նախարարը այսօրվա կառավարության նիստում ներկայացրել է 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը, որը հաստատումից հետո կներկայացվի Ազգային ժողով՝ հետագա քննարկումների համար:
Նախագծով համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կանխատեսվել է 11 տրիլիոն 933 միլիարդ դրամ, տնտեսական աճը՝ 5.4%, իսկ ՀՆԱ-ի դեֆլյատորը՝ 3%:
Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտները՝ 2 տրիլիոն 972 միլիարդ դրամ: Հարկային վարչարարության բարելավման, ստվերի դեմ պայքարի, ինչպես նաև հարկային քաղաքականության միջոցառումների արդյունքում ակնկալվում է ապահովել հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավում սպասողականի համեմատ 0.4 տոկոսային կետով:
Պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով՝ 2 տրիլիոն 924 միլիարդ դրամ, իսկ կապիտալ ծախսերի գծով՝ 704 միլիարդ դրամ, որը ՀՆԱ-ի նկատմամբ կկազմի 5.9%:
Պետական բյուջեի պակասուրդը նախատեսվում է 537 միլիարդ դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 4.5%-ը՝ 2025 թվականի 5.5%-ի դիմաց: Միջնաժամկետ հեռանկարում այն նվազելու է մինչև պարտքի բեռը կայուն պահող 2.8% մակարդակի: Արդյունքում, կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը 2026 թվականի վերջում կանխատեսվում է 53.5%:
ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթություններին համահունչ, 2026 թվականին կիրականացվեն սոցիալական, կրթական, առողջապահական, տնտեսական աջակցության և ենթակառուցվածքային բնույթի մի շարք առաջնահերթ միջոցառումներ: Դրանց թվում են՝
- առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրում,
- բռնի տեղահանված անձանց կեցության, բնակարանային ապահովման և այլ ծախսերի համար 55 միլիարդ դրամի սոցիալական աջակցության ծրագիր,
- ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգի գործարկում ողջ Հանրապետությունում,
- անհուսալի վարկային պարտավորություններ ունեցողների աջակցության ծրագիր (9.7 միլիարդ դրամ),
- անկանխիկ վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարի տրամադրում (20 միլիարդ դրամ),
- ակադեմիական քաղաք ծրագրի իրականացում (4.9 միլիարդ դրամ),
- մանկավարժական աշխատողների աշխատավարձերի աճ,
- ճանապարհաշինություն, այդ թվում՝ Քաջարանի թունելի շինարարություն և Սիսիան-Քաջարան ճանապարհի մեկնարկ,
- նոր ուղղություններով ավիաչվերթներին աջակցություն (3 միլիարդ դրամ),
- ԿՈՊ-17 համաժողովի և Եվրոպական քաղաքական համայնքի ութերորդ գագաթաժողովի կազմակերպում,
Նախարարը նշել է, որ բյուջեն ունի մարդկային կապիտալի զարգացման ուղղվածություն. ԿԳՄՍ նախարարության մասնաբաժինը ՀՆԱ-ում 3.3%-ից աճելու է մինչև 3.5%, իսկ առողջապահության նախարարության գծով՝ 1.5%-ից մինչև 1.8%: