Ֆինանսների նախարարը 150 մլն եվրոյի վարկային միջոցներ ստանալուն առնչվող համաձայնագիր կստորագրի․ Կառավարությունը հավանություն է տվել

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը այսօր կայացած  նիստում  Կառավարությանն է ներկայացրել  Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ստորագրման ենթակա վարկային համաձայնագրի նախագիծը: Համաձայնագիրն ուղղված է Հայաստանում հանրային ծառայությունների մատուցման արդյունավետությանն ու կայունությանը, ինչպես նաև ֆինանսական հատվածի զարգացման բարելավմանը:

Ֆինանսների նախարարին լիազորություն կտրվի ստորագրելու համաձայնագիրը։

«Այս բյուջետային ֆինանսավորումը, որը կազմում է 150 մլն եվրո վարկային միջոցներ, բազմամյա ծրագրի (իրականացվում է 2019 թվականից) երրորդ փուլն է: Այն ունի 2 հիմնական նպատակ, այն է՝ ամրապնդել ֆինանսական կառավարումը՝ մասնավորապես բարելավելով պետական ֆինանսների կառավարման արդյունավետությունը և ցածր ածխածնային ու դիմացկուն տնտեսության անցման պլանավորումը և ֆինանսավորումը»,- նշեց Հովհաննիսյանը:

Առաջին  փուլն իրականացվել է 2022 թվականին, երկրորդը՝ 2024 իսկ երրորդ փուլը նախատեսվում է իրականացնել այս տարի:

Նախարարը ներկայացրեց նաև բարեփոխումների բնույթը, որոնց համաձայն  ֆինանսների նախարարությունում գանձապետարանի գործառույթի մասով իրականացվող բարեփոխումների համատեքստում կմշակվի և կներդրվի ընթացիկ կապիտալ ծախսերի տվյալների բազա, հետներդրումային շրջանի մշտադիտարկման համակարգ և ինստիտուցիոնալ գործառույթ՝ գերածախսերի դեպքերը, դրանց պատճառները և ծախսերի չկատարման կամ անարդյունավետ կատարման դեպքերը լավագույնս հայտնաբերելու համար:

Օրենսդրական փոփոխությունների շարք կիրականացվի, որոնք ՀՀ Կենտրոնական բանկին կտան լիազորություններ ենթաօրենսդրական ակտերի միջոցով սահմանելու ոչ հանրային ֆոնդերի համար նոր կանոններ՝ այդպիսով հնարավորություն տալով հայկական ֆոնդերին, այդ թվում՝ վենչուրային և մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդերին, ոչ հանրայինից անցնելու հանրայինին՝ շուկան զարգացնելու համար:

Կթարմացվեն Հայաստանի հաշվապահական և ֆինանսական հաշվետվությունների ստանդարտները, և կստեղծվի ինստիտուցիոնալ լուծում՝ ապահովելու համար, որ այդպիսի թարմացումները կատարվեն ամեն տարի:

Անվճարունակության ռեժիմն արդիականացնելու և պարտատերերի իրավունքներն ու պաշտպանությունն ուժեղացնելու համար արդարադատության նախարարությունը կներդնի էլեկտրոնային սնանկության համակարգ: Արդարադատության նախարարությունը կհաստատի նոր որոշում էլեկտրոնային սնանկության համակարգի և տվյալների այլ համակարգերի միջև տվյալների համակարգերի փոխանակման, կառավարման, բարելավման համար:

Կարգավորման ազդեցության գնահատումն ավարտելուց հետո Կառավարությունն ԱԺ հաստատմանը կներկայացնի անվճարունակության մասին նոր օրենքի նախագիծը: Մի շարք փոփոխություններով կբարելավվի պետական ձեռնարկությունների կորպորատիվ կառավարումը»,- ասաց նախարարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել