Փաթեթներով թմրամիջոց տեղադրող երիտասարդ է կալանավորվել․ Քրեական ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Նոր Հաճն քաղաքի 42-ամյա մի բնակիչ համացանցի միջոցով ձեռք է բերում թմրամիջոցներ և դրանք տեղադրելով` իրացնում Երևանի տարբեր թաղամասերի շենքերի մուտքերում։

Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից։

Օպերատիվ տվյալն իրացվեց սեպտեմբերի 19-ին: Ժամը 13.30-ի սահմաններում մայրաքաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում 42-ամյա տղամարդը ձերբակալվեց և իր վարած «Օպել»-ով հանդերձ տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի մեկ և 7 գրամից ավելի ընդհանուր քաշով մեթամֆետամինի վեց փաթեթ։ Նա հայտնեց, որ կրիստալի վեց փաթեթները ձեռք է բերել «Տելեգրամյան» կայքի միջոցով` տեղադրելով իրացնելու նպատակով։ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ նրա վարած ավտոմեքենայում հայտնաբերվեց թափանցիկ և սպիտակ կպչուն ժապավեններով, ավելի քան 15 գրամ ընդհանուր քաշով, մեթամֆետամինի 14 փաթեթ և այլն։
42-ամյա տղամարդը կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել