ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը: Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է Ազգային ժողովից։
Նախագծի մշակումը պայմանավորված է «Մաքսային վճարների միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգի ներդրման անհրաժեշտությամբ, որը միտված է մաքսային վճարների գծով պարտավորությունների հաշվառման և մարման ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանը: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է ապահովել հետևյալ բարելավումները. միասնական հաշվի կիրառում համապատասխան դրամական միջոցների համալրման և այդ միջոցներով պարտավորությունների մարման նպատակով՝ անկախ մաքսային մարմնից և վճարի տեսակից, ինչն էականորեն կդյուրացնի դրամական միջոցների հոսքի հաշվառումը, անհատական հաշվի հասանելիություն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար, տույժերի ինքնաշխատ հաշվարկ և հաշվառում՝ համաձայն օրենսդրությամբ նախատեսված դեպքերի և կարգի, պարտավորությունների ինքնաշխատ մարման հնարավորություն՝ համաձայն վճարողի կողմից սահմանված կարգաբերումների, գերավճարների տնօրինման, գումարների վերադարձի ընթացակարգերի դյուրացում:
Համլետ Սահակյանը պատասխանել է պատգամավորների հարցերին:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: