Վեհափառ Հայրապետն իր մտահոգություններն է հայտնել Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջների առնչությամբ

Սեպտեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Save Armenia» հուդայա-քրիստոնեական դաշինքի տնօրեն Մաթիաս Պերտուլլային և դաշինքի տնօրենների խորհրդի անդամ, քաղաքացիական իրավունքի պաշտպան, քրիստոնեական հավատքի դեսպան, Մարտին Լյութեր Քինգ կրտսերի զարմուհի դոկտոր Ալվեդա Քինգին։ Այս մասին  Իրավաբան․net– ը տեղեկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց դաշինքի անդամներին և աջակիցներին Հայաստանին ու հայ ժողովրդին ցուցաբերվող զորակցության և միջազգային հարթակներում հայության ձայնը լսելի դարձնելու ջանքերի համար։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներին։ Այս առիթով Վեհափառ Հայրապետն իր մտահոգություններն արտահայտեց Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջների, Բաքվում պահվող ռազմագերիների, արցախահայության իրավունքների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հայկական հոգևոր-մշակութային ժառանգության յուրացման և ոչնչացման փաստերի առնչությամբ։

Իր խոսքում Նորին Սրբությունը կարևորեց բարեկամ երկրների ու միջազգային հանրության ջանքերը՝ ի նպաստ տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հաստատման։

«Save Armenia» հուդայա-քրիստոնեական դաշինքի ներկայացուցիչներն իրենց զորակցությունը հայտնեցին Հայոց Եկեղեցուն և հայ ժողովրդին՝ կիսելով մտահոգությունները արցախահայության ոտնահարված իրավունքների և Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության կապակցությամբ։

Վերջիններս ընդգծեցին, որ հիշյալ հարցերը պիտի շարունակեն բարձրաձայնել Միացյալ Նահանգների պետական բարձրագույն ատյաններում՝ վստահեցնելով, որ Հայաստանը չի մոռացվելու համաշխարհային մեծ իրադարձությունների հորձանուտում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել