Պետությունը նման է ավտոմեքենային, որն իր տիրոջը՝ ժողովրդին, կարող է տանել Ա կետից Բ կետը․ Նիկոլ Փաշինյան

Այսօր սեպտեմբերի 21-ն է, և ես մեզ բոլորիս, ձեզ բոլորիդ, շնորհավորում եմ ՀՀ Անկախության օրվա առիթով։ Արմավիր քաղաքում ՀՀ անկախության 34-րդ տարեդարձին նվիրված Ֆեստիվառի շրջանակում իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«1991 թվականի այս օրը տեղի ունեցավ Անկախության հանրաքվե, և ՀՀ քաղաքացիների ավելի քան 94 տոկոսը «Այո» պատասխանեց հարցին, թե ցանկանում են արդյոք, որ Հայաստանը լինի անկախ պետություն՝ Խորհրդային միության կազմից դուրս։ Այդ օրից ի վեր մեր երկիրը, մեր պետությունը անցել է բազում փորձություններով, և այդ փորձությունների արդյունքում մեր ժողովրդի անկախության, պետականության գիտակցումը էականորեն ուժեղացել է, և այդ գիտակցության շնորհիվ է, որ մենք կարողացել ենք հաղթահարել մեզ համակած բոլոր փորձությունները, և ես այս ամբիոնից այս տոնական օրը ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ բոլորիդ՝ ՀՀ բոլոր քաղաքացիներին, մեր բոլոր նահատակներին, ՀՀ անկախության, ազատության, ինքնիշխանության դիրքերում ամուր կանգնելու համար։

Անկախություն ձեռք բերելու պրոցեսը նման է գնացքի վագոնից ավտոմեքենայով ճանապարհը շարունակելուն։ Պետությունը նման է ավտոմեքենային, որն իր տիրոջը՝ ժողովրդին, կարող է տանել Ա կետից Բ կետը. մեր այսօրվա կետից կարող է տանել մեր ցանկացած հաջորդ կետը, բայց դրա համար կան մի քանի կարևոր պայմաններ։ Ինչպես յուրաքանչյուր ավտոմեքենա, մենք պետք է հոգ տանենք մեր պետության վիճակի մասին։ Մեր պետության փաստաթղթերը, ինչպես ավտոմեքենայի պարագայում, պետք է տեղին և կարգին լինեն։ Մենք պետք է իմանանք համաշխարհային երթևեկության կանոնները, որպեսզի ի վիճակի լինենք մեր պետության՝ մեր մեքենայի վարումով  ճիշտ և շրջահայաց ձևով հասնել այն կետին, որի մասին երազում ենք, իսկ այդ կետն ազատությունն է, բարեկեցությունն է, անվտանգությունն է, խաղաղությունն է և երջանկությունն է։

Ես ուզում եմ այսօր վստահաբար բոլորիդ հավաստիացնել, որ այսօր, այո՛, մեր երկիրը շատ վստահ է զգում այդ ճանապարհին, և մենք այդ ամենի մասին խոսելիս չենք երազում միայն ապագայի մասին, որովհետև մենք ուզում ենք, որ ապագան լինի այսօր, և ապագան այսօր է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել