Շնորհավորական ուղերձներ Անկախության տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ ՀՀ Անկախության 34֊ամյակի կապակցությամբ։

Անկախ պետականության տոնը շնորհավորել են մի շարք երկրների ղեկավարներ։

«Մոլդովայի Հանրապետության կառավարության անունից հղում եմ իմ ամենաջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։

Մոլդովայի Հանրապետության կառավարությունը գնահատում է Հայաստանի Հանրապետության հետ ջերմ և կառուցողական հարաբերությունները, և մենք անհամբեր սպասում ենք մեր համագործակցության շարունակմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ ընդհանուր արժեքների ոգով և եվրոպական համայնքի հետ ավելի սերտ համագործակցության ձգտումներով։

Վերջերս Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը կարևոր նվաճում է և տարածաշրջանային կայունության կարևորագույն առաջընթաց։ Ես խորը գնահատանք եմ հայտնում Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը, որի նվիրվածությունը Կովկասում խաղաղության և տարածաշրջանային համագործակցության խթանմանը և՛ գովելի է, և՛ ոգեշնչող։

Վստահ եմ, որ մեր կառավարությունները կպահպանեն դրական և բաց երկխոսություն՝ նպաստելով մեր քաղաքացիների բարեկեցությանը և տարածաշրջանային կայունությանը»։

Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Ժամանդու Օրսիի շնորհավորական ուղերձում ասված է.

«Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարության, Ուրուգվայի ժողովրդի և անձամբ իմ անունից հղում եմ Ձեզ իմ սրտանց շնորհավորանքները՝ միևնույն ժամանակ մաղթելով խաղաղություն և բարգավաճում ազնվական հայ ժողովրդին:

Կցանկանամ նաև նշանավորել մեր երկրների միջև երկկողմ հարաբերությունների հիանալի կարգավիճակը՝ լիահույս լինելով, որ դրանք էլ ավելի կզարգանան մշակութային, քաղաքական և համագործակցային կապերի արդյունքում։

Օգտվելով առիթից վերահաստատում եմ պարոն վարչապետին իմ խորին հարգանաց հավաստիքը»:

Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի շնորհավորական ուղերձում ասված է.

«Թուրքմենստանի ժողովրդի և կառավարության, ինչպես նաև անձամբ իմ անունից Ձեզ և Հայաստանի Հանրապետության ողջ ժողովրդին հղում եմ իմ սրտանց շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները Ձեր երկրի Անկախության օրվա կապակցությամբ։

Մենք անկեղծորեն ուրախ ենք անկախության տարիներին Հայաստանի Հանրապետության ձեռքբերումներից և համոզված ենք, որ մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցությունը հետագայում ևս կշարունակի ամրապնդվել։

Օգտվելով այս հաճելի առիթից՝ անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»։

Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր հայրենակիցներին Անկախության օրվա առթիվ։

Իր ինքնիշխան զարգացման տարիների ընթացքում Հայաստանն անցել է խորը բարեփոխումների փշոտ ճանապարհ՝ հասնելով տպավորիչ արդյունքների պետականության ամրապնդման, քաղաքական և սոցիալ-տնտեսական արդիականացման, ինչպես նաև միջազգային ասպարեզում երկրի հեղինակության բարձրացման գործում։

Այս հաջողությունները հստակ արտացոլում են Ձեր անձնուրաց աշխատանքը և անսասան կամքը։ Ղազախստանում Ձեզ ճանաչում և հարգում են որպես ականավոր պետական գործչի, ով ունի երկրի ապագա զարգացման և նրա ժողովրդի ձգտումների ռազմավարական տեսլական։

Վստահ եմ, որ Ձեր հմուտ և ուժեղ ղեկավարության ներքո Հայաստանը կշարունակի ստեղծագործ աճի իր առաջանցիկ ուղին և կհասնի նոր բարձունքների՝ բարգավաճ պետություն կառուցելու գործում։

Ղազախստանի ժողովուրդն անկեղծորեն ուրախ է Ձեր երկրի նվաճումների համար։ Մենք հատուկ նշանակություն ենք տալիս բազմակողմանի միջպետական կապերի ամրապնդմանը՝ հավերժական բարեկամության ոգու ներքո։

Հարգելի Նիկոլ Վովայի, մաղթում եմ Ձեզ շարունակական հաջողություններ Ձեր պատասխանատու պետական ծառայության մեջ՝ ի նպաստ եղբայրական Հայաստանի բարօրության և առաջընթացի»։

Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Ֆաթթահ Ալ-Սիսիի շնորհավորական ուղերձում ասված է.

«Ինձ համար պատիվ է փոխանցելու Ձեզ և բարեկամ Ձեր ժողովրդին իմ սրտագին ողջույնները և լավագույն մաղթանքները Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ:

Օգտվելով առիթից, կցանկանայի Եգիպտոսի երախտագիտությունը հայտնել մեր երկու երկրները միավորող բարեկամական կապերի համար: Իմ պատրաստակամությունն եմ հայտնում տարբեր ոլորտներում մեր երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման հարցում՝ ի բարօրություն մեր երկու բարեկամ ժողովուրդների ընդհանուր շահերի:

Ձերդ գերազանցություն, մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք և շարունակական հաջողություններ, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ մշտական բարօրություն և առաջընթաց»:

Տաջիկստանի Հանրապետության նախագահ էմոմալի Ռահմոնի շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Հաճույքով հղում եմ Ձեզ և Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդին անկեղծ շնորհավորանքներս ու ջերմ մաղթանքներս երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

Տաջիկստանը հանձնառու է Հայաստանի հետ բարեկամական և համագործակցային հարաբերությունների ամրապնդման վեհ գործին։

Մենք մեծապես կարևորում ենք մեր երկրների միջև փոխշահավետ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը և ամրապնդումը։

Հուսով եմ, որ փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների վրա հիմնված տաջիկա-հայկական միջպետական հարաբերությունները կշարունակեն կայուն զարգանալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Մաղթում եմ Ձեզ, սիրելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և հաջողություններ, իսկ բարեկամ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն և բ արգավաճում»։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ Լի Ցյանի շնորհավորական ուղերձում ասված է.

«Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի կառավարությանը և հղում լավագույն բարեմաղթանքներս:

Այս ամսվա սկզբին Դուք հաջող այց կատարեցիք Չինաստան՝ մասնակցելու ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանն, ինչպես նաև չին ժողովրդի՝ ճապոնացի զավթիչների դեմ դիմադրության պատերազմում հաղթանակի և ֆաշիզմի դեմ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված միջոցառումներին: ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը և Դուք ունեցաք բեղմնավոր հանդիպում և երկկողմ հարաբերությունները բարձրացրեցիք պատմականորեն ամենաբարձր՝ ռազմավարական գործընկերության մակարդակի: «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման շրջանակներում համագործակցությունը հիմնովին խթանելու համար պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանք գործադրել, որպեսզի շարունակաբար հարստացնենք չին-հայկական ռազմավարական գործընկերության հարաբերությունների օրակարգը:

Հայաստանի Հանրապետությանը մաղթում եմ բարգավաճում և հզորություն, իսկ հայ ժողովրդին՝ երջանկություն և բարօրություն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել