Քաղաքացին դատական հայցով պահանջում է աշխատած, բայց չհաշվարկված ժամանակահատվածը ներառել աշխատանքային ստաժի մեջ և կենսաթոշակը վերահաշվարկել

Iravaban.net-ը Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ քաղաքացի Ալեքսեյ Խաչատրյանը 2025թ. հունիսի 19֊ին դատական հայց է ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության դեմ։

Հայցի էությունը

Հայցվորը պահանջում է պարտավորեցնել միասնական սոցիալական ծառայությանը իր աշխատած, բայց չհաշվարկված ժամանակահատվածը ներառել աշխատանքային ստաժի մեջ, վերահաշվարկել կենսաթոշակը և դրա մասին նշանակել բարենպաստ վարչական ակտ։

Դատական գործի ընթացքը

Հայցադիմումը 19.06.2025 թվականին մակագրվել է դատավոր Տիգրան Ռուդիկի Սանթրոսյանին: Դատարանը, ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերը, պարզել է, որ հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջների պահպանմամբ: Դատարանի գնահատմամբ՝ հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքեր չկան: 2025թ. հունիսի 26֊ին գործը, դատավոր Տիգրան Սանթրոսյանի որոշմամբ, ընդունվել է վարույթ։ Միաժամանակ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ և 28-րդ հոդվածներով, Դատարանը Միասնական սոցիալական ծառայությունից պահանջել է երկշաբաթյա ժամկետում Ալեքսեյ Խալատրյանի կողմից Միասնական սոցիալական ծառայություն ներկայացված դիմումը (դիմումները) և դրա (դրանց) առնչությամբ կազմված նյութերն ողջ ծավալով:

Ներկայիս կարգավիճակը

Դատալեքս համակարգում առկա տեղեկությունների համաձայն՝ գործով նախնական դատական նիստը կկայանա 2025 թվականի սեպտեմբերի 22-ին ժամը 11:30-ին ՀՀ վարչական դատարանի շենքում, թիվ 22 դատական նիստերի դահլիճում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել