Ընդունվեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նոր հռչակագիրը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովի ընթացքում կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց խմբակցության նորացված հռչակագիրը։

Ինչպես iravaban.net-ը տեղեկանում է ՔՊ կողմից հրապարակված փաստաթղթից, կուսակցությունը հռչակում է Հայաստանի չորրորդ Հանրապետության հաստատումը որպես ռազմավարական անելիք։

«Այս նպատակով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը․

1․ 2026 թվականի խորհրդարանական հերթական ընտրություններում Հայաստանի Հանրապետության Կառավարման իր մանդատը եւս 5 տարով երկարաձգելու հայցով դիմելու է ժողովրդին, ակնկալելով ձեւավորել սահմանադրական մեծամասնություն:

2․ Ընտրություններում ժողովրդի վստահության քվեն ստանալուց հետո նախաձեռնելու է համաժողովրդական հանրաքվեի միջոցով Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունման գործընթաց։

3․ Հենվելու է 1991 թվականի Ալմա Աթայի Հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության 29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի եւ այդ տարածքը ներառող սահմանների թե ներսից, թե դրսից անձեռնմխելիության հայեցակարգի վրա։

4․ Ակտիվացնելու է Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամագրվելուն ուղղված ջանքերը, դա չհակադրելով տարածաշրջանացման, ինչպես նաեւ հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությանը։

5․ Շարունակելու է բոլոր հարեւանների հետ խաղաղություն եւ բարիդրացիությունհաստատելու ժողովրդի կողմից ձեւակերպված պատգամի իրագործումը, ջանքեր է գործադրելու խաղաղությունն ու բարիդրացիությունը շարունակաբարինստիտուցիոնալ դարձնելու ուղղությամբ, հիմնված միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքների վրա։

6․ Քաջալերելու է ապօրինի գույքի բռնագանձման, պետական եւ համայնքային շահերի պաշտպանության եւ դատավարական այլ գործիքներով ապօրինի գույքի վերադարձի մեկնարկած եւ հաջողությամբ ընթացող գործընթացը, խորացնելու է հակակոռուպցիոն պայքարը եւ զարգացնելու է հակակոռուպցիոն մեխանիզմները;

7․ Շարունակելու է ժողովրդավարական բարեփոխումները, ուժեղացնելով ժողովրդի իշխանությունը, ակտիվացնելով թափանցիկ, ներառական, մասնակցայինեւ արդյունավետ կառավարման գործիքները, անկախ դատական համակարգի զարգացմանն ուղղված ջանքերը, ժողովրդավարական մյուս ինստիտուտների հետագա զարգացման եւ ուժեղացման գործընթացը։

8․ Խթանելու է կրթության եւ աշխատանքիմիջոցով բարեկեցություն կառուցելու քաղաքացիների գործելակերպը,աջակցելու է կրթության բովանդակային բարեփոխումների եւ ֆիզիկական ենթակառուցվածքների նորացման քաղաքականությանը, ընդգծելով Ակադեմիական քաղաքի համակարգաստեղծ նշանակությունը։

9․ Խրախուսելու է ներառական, արտադրողական, ստեղծարար, ազատ եւ մրցակցային տնտեսական գործունեությունը, շարունակելու է քաջալերել ապաշրջափակման մեկնարկած գործընթացը եւ համակողմանի աջակցություն ցուցաբերել «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ տնտեսական զարգացումը դիտարկելով որպես պետական շահ»,֊ասված է հռչակագրում։

Ներկայացված փաստաթուղթը համաժողովի ընթացքում ընդունվեց ծափահարություններով, բոլոր ներկաները կողմ քվեարկեցին դրա ընդունմանը։

Խմբակցության հռչակագիրը ներկայացնելուց հետո Նիկոլ Փաշինյանը ծնկի եկավ հայ ժողովրդի բոլոր ժամանակների բոլոր նահատակների առաջ, իր խոսքով՝ խաղաղությամբ, ինքնիշխանությամբ, տարածքային ամբողջականությամբ Հայաստանի Չորրորդ Հանրապետության հաստատումը համարելով նրանց հիշատակը ոգեկոչելու ամենապատկառազդու միջոցը եւ նրանց զոհողություններին մատուցված ամենաարժեքավոր տուրքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել