Կինը գնել է 12.000 դրամ արժողության դեղորայք, վճարել է 50.000 հուշանվեր թղթադրամ, ստացել մանր

Սեպտեմբերի 15-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի Սարկավագի փողոցում գործող դեղատան աշխատակիցը և հայտնել, որ գնումների դիմաց վճարել են կեղծ 50.000-անոց թղթադրամով:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

«Դեղատուն մեկնած Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 21.50-ի սահմաններում անհայտ անձը գնել է 12.000 դրամ արժողության դեղորայք, ինչի դիմաց վճարելով 50.000 հուշանվեր թղթադրամով և ստացել է 38.000 դրամ մանր:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քանաքեռ-Զեյթունի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուշանվեր թղթադրամն իրացրել է Աբովյան քաղաքի 37-ամյա բնակչուհին: Նա սեպտեմբերի 16-ին հայտնաբերվել է։

37-ամյա կինը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

Կատարվում է նախաքննություն»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել