ՀՀ օրենսդրությամբ սահմանվում է քաղաքացիների կողմից զենք ձեռք բերելու, գրանցելու և պահելու կարգը, ինչպես նաև դրա նկատմամբ սահմանափակումները։
Ո՞վ կարող է զենք ձեռք բերել
Զենք ձեռք բերելու իրավունք ունեն՝
- պետական ռազմականացված կազմակերպությունները.
- պետական մարմինները և կազմակերպությունները՝ օրենքով սահմանված դեպքերում.
- հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք.
- քաղաքացիական և ծառայողական զենքի, ռազմական նշանակության արտադրանքի արտադրությամբ, առևտրով զբաղվող իրավաբանական անձինք.
- զենքի հավաքածու կազմելու և զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություններ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք․
- սպորտային հրաձգությամբ զբաղվող և հրաձգարան գործարկող կազմակերպությունները.
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիները.
- օտարերկրյա քաղաքացիները:
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝
- ոստիկանությունից զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալուց հետո քաղաքացիական համակցված կամ ակոսափող հրազեն ձեռք բերելու իրավունք ունի ՀՀ 21 տարին լրացած քաղաքացին, իսկ քաղաքացիական այլ տեսակի զենք՝ 18 տարին լրացած քաղաքացին:
- ՀՀ քաղաքացին զենք ձեռք բերելու թույլտվության հիման վրա իրավունք ունի ձեռք բերելու քաղաքացիական զենք, իսկ զենքի հավաքածու կազմելու կամ ցուցադրելու համար նաև զենքի այլ տեսակներ՝ մալած վիճակում:
- Քաղաքացուն թույլատրվում է ձեռք բերել առավելագույնը 10 միավոր քաղաքացիական զենք՝ պահելու և կրելու թույլտվությամբ, իսկ գազային զենք ձեռք բերելու, զենքի հավաքածու կազմելու համար առավելագույն քանակ նախատեսված չէ:
- Քաղաքացու ձեռք բերած զենքը ձեռքբերման օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում ենթակա է հաշվառման Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում:
Քննություն հանձնելու պահանջ
Բացառությամբ սառը և նետողական զենքերի, առաջին անգամ զենք ձեռք բերող քաղաքացին պարտավոր է հանձնել տեսական և գործնական քննություն՝ զենքի հետ վարվելու և անվտանգության կանոնների իմացության վերաբերյալ։
Գործնական քննությունից ազատվում են․
- այն քաղաքացիները, որոնք ծառայում են կամ ծառայել են պետական ռազմականացված կազմակերպություններում, այդ թվում՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցածները,
- նրանք, ովքեր դիմելու պահին վերջին մեկ տարվա ընթացքում մասնակցել են ՀՀ ՊՆ կազմակերպած վարժական հավաքներին և զինվորական վարժանքներին և ունեն կամ ունեցել են զենք կրելու իրավունք, և ծառայությունը չի ավարտվել վաղաժամկետ, իսկ պարտադիր ժամկետային ծառայության ավարտից հետո չի անցել հինգ տարի:
Պետական մարմինների կողմից քննություն անցկացվելու դեպքում սահմանվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափով:
Ովքե՞ր չեն կարող ստանալ զենքի թույլտվություն
Զենք ձեռք բերելու թույլտվություն չի տրվում․
- Զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդություններ և վիճակներ ունեցող անձանց (հիվանդությունների և վիճակներիցանկը սահմանում է Կառավարությունը).
- դիտավորյալ հանցագործություն կատարելու համար դատապարտված անձանց, որոնց դատվածությունն oրենքով սահմանված կարգով վերացված կամ մարված չէ.
- ՀՀ քրեական օրենսգրքի 152-րդ, 308-313-րդ և 315-321-րդ հոդվածներով նախատեսված կամ հրազենի գործադրմամբ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար դատապարտված անձանց՝ անկախ դատվածությունը օրենքով սահմանված կարգով վերացված կամ մարված լինելու հանգամանքից.
- հանցագործություն կատարելու համար պատիժ կրող անձանց, բացառությամբ անզգուշությամբ կատարված հանցագործության համար ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ կրող անձանց, եթե անձը չի դատապարտվել զենքի օգտագործմամբ անզգուշությամբ կատարված հանցագործության համար.
- այն անձանց, որոնց նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում դիտավորյալ կամ զենքի օգտագործմամբ անզգուշությամբ կատարված հանցագործություն կատարելու համար (մինչև ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելը կամ արդարացման դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը)․
- դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց.
- զենքի շրջանառության կանոնները մեկ տարվա ընթացքում կրկնակի խախտած անձանց.
- դիմելու պահին մեկ տարվա ընթացքում կրկնակի հասարակական կամ կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող վարչական իրավախախտում կատարած անձանց.
- ՀՀ բնակչության պետական ռեգիստրում չհաշվառված անձանց․
- այն անձանց, որոնց նկատմամբ կիրառվել է «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով սահմանված նախազգուշացման, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշում.
- սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված հավաստագիր չունեցող անձանց.
- այն անձանց, որոնց վերաբերյալ առկա է ՀՀ անվտանգությանն սպառնալիք ներկայացնելու մասին հիմնավոր կասկած:
Առանց թույլտվության ձեռք բերվող միջոցներ
Առանց գրանցման և թույլտվության քաղաքացիները կարող են ձեռք բերել․
- մինչև 7.5 ջոուլ էներգիայով օդաճնշիչ զենքեր (այդ թվում՝ ռևոլվերներ), դրանց փամփուշտները, մեխանիկական փոշեցրիչները,
- աերոզոլային և այլ սարքեր, որոնք լիցքավորված են արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով
- էլեկտրահարող զենքեր և կայծային պարպիչներ,
- կառուցվածքով զենքի նմանվող իրերը և զենքի պարագաները
Անհրաժեշտ փաստաթղթեր զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար
Քաղաքացին պարտավոր է ոստիկանություն ներկայացնել․
- սահմանված ձևի դիմում,
- ՀՀ քաղաքացիությունը կամ անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
- 3×4 սմ չափի երկու լուսանկար,
- բժշկական եզրակացություն՝ զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների բացակայության մասին,
- պետական տուրքի վճարման անդորրագիր,
- առաջին անգամ զենք ձեռք բերելու դեպքում՝ քննությունների հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ։
Կարևոր է իմանալ
- Զենք ձեռք բերելու իրավունքը ենթադրում է ոչ միայն հնարավորություն, այլ նաև պատասխանատվություն։
- Օրենքով սահմանված կարգը խախտելու դեպքում թույլտվությունը կարող է չտրվել կամ հետ կանչվել։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։